Մատչելիության հղումներ

Հայաստանյան շուկայի համար նախատեսված կեղծ ակցիզային դրոշմանիշերը տպագրվում են Թուրքիայում


Հայաստանում վաճառվող ոգելից խմիչքների կեղծ ակցիզային դրոշմանիշերը, ինչպես պարզել են երկրի իրավապահ եւ մաքսային մարմինները, արտադրվում են Թուրքիայում եւ Հայաստան են ներկրվում Վրաստանով՝ այդ երկրի քաղաքացիություն ունեցող ադրբեջանցիների միջոցով:

Չորեքշաբթի օրը Հայաստանի գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում, որին մասնակցում էին նաեւ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան աշխատակիցներ, մաքսային եւ հարկային պետական կոմիտեների ղեկավարները, Մաքսային պետական կոմիտեի ղեկավար Արմեն Ավետիսյանը, հնչեցնելով իր անձնական կարծիքը, ասաց, թե երեւույթը կարող է դիտվել որպես «Թուրքիայի կողմից դիվերսիա մեր երկրի նկատմամբ»:

Ավետիսյանի պնդմամբ, կեղծ ակցիզներ Հայաստանում ընդհանրապես չեն տպագրվում, իսկ Թուրքիայում դրանք տպագրվում են գործարանային պայմաններում:

«Տպվում են [ակցիզային դրոշմանիշերը] գործարանային տարբերակով, իսկ դա նշանակում է, որ ուղղակի պետական մասնակցություն կա, պետական հովանավորություն կա», - ասաց նա: - «99 թվականին, երբ ես աշխատում էին ազգային անվտանգությունում, այն ժամանակ մենք հայտնաբերեցին այդ ակցիզները: Եվ այն ժամանակ մենք ապացուցեցինք, որ դա տպվում է այն գործարանում, որտեղ տպվում է իրենց փողը»:

Իսկ Գլխավոր դատախազության վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանը ներկայացրեց փորձագետների տվյալները. - «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնում, որտեղ իրականացվել են փորձաքննությունների գերակշիռ մասը, 2003-ից մինչեւ 2005 թվականի առաջին եռամսյակը ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է գրեթե մեկ միլիոն հատ կեղծ ակցիզ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG