Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մարտի վերջին Ազգային ժողովում նախատեսված՝ ղարաբաղյան խնդրի քննարկումների հետ կապված՝ «Առավոտ» թերթը առանձնացնում է. - «Ամենահետաքրքիրն այն է, որ խորհրդարանական սույն լսումների ընթացքում քննարկվելու է «փուլայինի-փաթեթայինի» խնդիրը, որը 1998-ին կարծես թե վերջնականապես լուծվել է: Այն ժամանակ մեզ հստակ ասվեց՝ «փուլայինը» դավաճանական է, «փաթեթայինը»՝ ազգային, առաջինը պարտվողական է, երկրորդը՝ հաղթողական: Հիմա՝ 7 տարի անց, հանկարծ պարզվում է, որ այս խնդիրն էլ դեռեւս օրակարգից հանված չէ՝ այն կարելի է քննարկել՝ առանց «ազգի դավաճան» եւ «թուրք» որակումը ստանալու: Մի գեղեցիկ օր կարող է նաեւ պարզվել, որ այս ողջ տարիների ընթացքում քաղաքական գործիչները (թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի) պարզապես խաբել են իրենց քաղաքացիներին: Քանի որ իրենց հիանալի հաշիվ էին տալիս, որ խնդրի կարգավորմանն ինչ անուն էլ տան՝ փուլային, փաթեթային, թե մեկ այլ, դրանց միջեւ էական տարբերություն չկա: Դրանք բոլորն էլ երկու կողմից էական զիջումներ են պահանջում՝ զիջումներ, որոնց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները այսօր չեն գնա՝ վախենալով հռչակվել ազգի դավաճաններ եւ այդպիսով զրկվել իշխանությունից»: «Առավոտ»-ի նախանշմամբ՝ խորհրդարանի կազմակերպած լսումներն էլ չեն կարող «փոխել իրավիճակն ու նոր լիցք տալ խաղաղ կարգավորմանը». - «Մեր իշխանությունները բավական շատ ժամանակ կորցրեցին՝ ՀՀ քաղաքացիներին ապացուցելու, թե որքան են իրենք ազգային եւ անզիջում: Ճիշտ այդպիսին է նաեւ խորհրդարանական ընդդիմությունը: Հետեւաբար, պատգամավորներն էլ առանձնապես խոսելու թեմա չունեն»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը սկսել է անգլերեն սովորել: «Որպեսզի բնագրից կարդամ Շեքսպիրի «Համլետը», հասկանամ՝ Համլետի հոր ուրվականը իր որդուց պահանջում է վրեժխնդի՞ր լինել, թե՞ արդարություն հաստատել երկրում», - «Առավոտ»-ի թղթակցին բացատրել է նա: «Այս պահին ընդդիմությունը շատ ավելի ակտիվ է եւ շատ ավելի խորը հաշվարկների մեջ է», - հավաստիացրել է Արամ Սարգսյանը: - «Այս անգամ ընդդիմադիր դաշտի գործողություններից առաջ պիտի միանշանակ պարզ լինի այդ գործողությունների ավարտը»: Նա նաեւ ուրվագծում է. - «Ռուսաստանն ասում է՝ ուզում եք՝ չեք ուզում Ռոբերտ Քոչարյանն է, նրա փոփոխությունից հետո էլ՝ ում կասի Քոչարյանը: Ի՞նչ են ասում Եվրոպան եւ Արեւմուտքը, ասում են՝ մենք պատրաստ ենք ձեզ օգնել, ձեր տնտեսական գործունեությանը գումարներ տրամադրել, փոխարենը դուք պիտի կրեք այս արժեքային համակարգը, դուք պիտի իշխանություն ձեւավորեք՝ ժողովրդավարության սկզբունքներից ելնելով: Ու եթե դեռ կան մարդիկ, ովքեր ռուսական դիրքորոշում ունեն, ես զարմանում եմ»:

«Ազգ» թերթի մեկնաբանի խորացմամբ՝ «իշխանություն – ընդդիմություն այս խաղը թվում է անվերջ»: «Ձանձրացած հասարակության «խոհեմ» մասը հասկանալով սա, շարունակում է լքել երկիրը, մյուս մասը վերածվում է անավարտ թատերական ներկայացման ակամա հանդիսատեսի: Բայց», - եզրափակում է մեկնաբանը, - «դիմակահանդեսը պետք է ավարտվի: Եվ ինչպես այդպես չլինի, երբ այս իշխանությունն ու այս ընդդիմությունը վաղուց անհամատեղելի են այս հասարակությանը»:

«Ի հեճուկս նախագահի ու հատկապես վարչապետի, Արթուր Բաղդասարյանը պաշտոնապես բացեց իրեն կից եւս մեկ խորհուրդ` հայրենակցական միությունների: Դաշնակիցները սա համարում են բացարձակ դեմարշ՝ ընդդեմ կոալիցիայի ու վարչապետի, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այլեւս վճռական հայտարարում է, որ ժամանակն է լուրջ միջոցառումներ ձեռնարկել՝ խորհրդարանը նախընտրական շտաբի կարգավիճակից փրկելու համար», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը: - «ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն Արթուր Բաղդասարյանի գործողությունների հարցը կրկին բարձրացնելու են Ռոբերտ Քոչարյանի մոտ եւ պահանջելու, որ դադարեցվեն պոպուլիստական այդ խորհուրդ-շոուների գործունեությունը»: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առաջիկա օրերին նախագահ Քոչարյանի մոտ հարցը դնելու է կտրուկ՝ կա՛մ ԱԺ նախագահը գործելու է իր լիազորությունների սահմաններում, կա՛մ կոալիցիայի յուրաքանչյուր կուսակցություն այլեւս իրեն իրավունք կվերապահի գործել բացառապես սեփական կուսակցական շահի թելադրանքով:

«Գնալով ավելի շատ հետխորհրդային երկրներ են ձգտում տեսնել սեփական ապագան առանց Ռուսաստանի հետ սերտ կապերի», - արձանագրում է այսօր «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը: «Ցավոք, բոլոր այդ չափանիշերով ներկայիս Ռուսաստանը ակնհայտորեն զիջում է եվրոպական երազանքին», - ընդգծվում է «Հայոց աշխարհ»-ում: - «Եվ եթե Ռուսաստանը իսկապես մտահոգված է հետխորհրդային տարածքում սեփական ազդեցության նվազմամբ, ապա պետք է սկսի իր իսկ «բարեկարգումից»... Հակառակ դեպքում, գործընթացները կդառնան անշրջելի, եւ էներգակիրները չեն օգնի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG