Մատչելիության հղումներ

Բելգիայի խորհրդարանի նախագահը կայցելի Հայաստան


Ապրիլի սկզբին Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Կրոոն (Herman de Croo) տարածաշրջանային այցի շրջանակներում կայցելի նաեւ Հայաստան:

Ինչպես հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը, Կրոոն Հայաստանում կլինի ապրիլի 5-6-ին: Հայաստան այցելելու իր մտադրության մասին Բելգիայի խորհրդարանի նախագահը հայտնել է Բելգիայի թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ «Եվրոպական նոր հարեւանություն» ծրագրում Հայաստանի ընգրկումից հետո «օրակարգային է դարձել մեր երկրի հետ բազմակողմանի հարաբերությունների զարգացումը»:

«Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվեց, որ չնայած այն հանգամանքին, որ Բելգիան հանդիսանում է Հայաստանի թիվ մեկ առեւտրատնտեսական գործընկերը, երկու երկրների միջեւ առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, այնուամենայնիվ միջխորհրդարանական համագործակցությունը զարգացման զգալի ներուժ ունի եւ Բելգիայի խորհրդարանի նախագահի այցը կնպաստի այդ բացը լրացնելուն», - փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG