Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը բացառում է զիջումները Ղարաբաղի հարցում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շաբաթ օրը ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հարցում ադրբեջանական կողմից զիջումներ չեն լինելու:

«Այդ մոտեցումը [փոխզիջումների վերաբերյալ] ի սկզբանե սխալ էր», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Ալիեւը: - «Ես համոզված եմ, որ մեր կողմից զիջումներ չեն լինելու»:

Ադրբեջանի նախագահի խոսքերով, միակ քայլը, որին կարող է գնալ իր երկիրը, «Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին եւ այդտեղ վերադառնալիք ադրբեջանցիներին անվտանգության երաշխիքներ տալն է»: Ալիեւի կարծիքով, սա կարող է դառնալ բանակցությունների առարկա:

Իլհամ Ալիեւը նաեւ ասել է, թե չի առարկում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելուն, սակայն ավելացրել է, որ բանակցելու առարկա պետք է լինի:

«Մենք արդեն մի քանի անգամ հանդիպել ենք, եւ կարելի է փաստել, որ բոլոր հարցերն արդեն քննարկված են եւ բոլոր դիրքորոշումները՝ հստակեցված», - ասել է նա՝ շեշտելով. - «Ադրբեջանի դիրքորոշման մեջ չկան եւ չեն կարող լինել փոփոխություններ»:

Ադրբեջանի նախագահի հայացքով, Քոչարյանի հետ իր հանդիպման հիմքը պիտի դնեն «երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները»:

«Եթե այդ բանակցությունները արդյունավետ լինեն, եւ հայկական կողմը որդեգրի կառուցողական դիրքորոշում ու գիտակցի, որ հարցը կարող է լուծվել միայն միջազգային իրավունքի հիման վրա, ապա նախագահների հանդիպում կարող է տեղի ունենալ»:

«Ադրբեջանը կարող է մասնակցել բանակցություններին, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու անգամ 5 տոկոսի հավանականության կա», - հայտարարել է նա: - «Եթե արդյունքներ չլինեն, մենք դուրս կգանք բանակցություններից եւ հարցը կլուծենք այլ ճանապարհներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG