Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը խորհուրդ է տալիս «հանգիստ նայել» ներկոալիցիոն հակասություններին


Ուրբաթ օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ի պատասխան կառավարող կոալիցիայում շարունակվող տարաձայնություններին վերաբերող հարցին, լրագրողներին խորհուրդ տվեց «ավելի հանգիստ նայել» դրանց՝ ասելով, թե դրանք անխուսափելի են կոալիցիոն կառավարության պայմաններում:

«Դուք գտեք մի այլ երկիր, որտեղ կա կոալիցիոն կառավարություն եւ որտեղ պարբերաբար նման կարգի երեւույթներ չեն լինում: Չեք գտնի նման որեւէ երկիր», - «Արմենկարպետ» ընկերություն իր այցի ժամանակ լրագրողներին ասաց Քոչարյանը՝ խորհուրդ տալով ամեն ինչ «մատի փաթաթան չսարքել»:

«Նոր իրավիճակ է՝ կոալիցիոն կառավարություն, եւ ամեն մի նման քայլ ատրակցիոնի պես մի բան է դիտվում... Այդպես չէ. հանգիստ նայեք այս ամենին», - ավելացրեց նա: - «Ճիշտ հակառակը՝ զարմանալի կլիներ, եթե պարբերաբար նման կարգի սրացումներ չլինեին»:

Խոսքը Հանրապետական կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանի միջեւ ծագած հակասության մասին է՝ Ազգային ժողովի նախագահին կից խորհուրդների ստեղծման շուրջ, ինչը անցած շաբաթ իր արձագանքն ունեցավ խորհրդարանում, երբ «Օրինաց երկիր»-ի պատգամավորները խիստ քննադատության ենթարկեցին հիմնականում հանրապետականներից կազմված կառավարության աշխատանքը:

Վերջերս նախագահը քննադատաբար է անդրադարձել վարվող տնտեսական քաղաքականության որոշ ուղղությունների, մասնավորապես հարկային վարչարարությանը: Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք վարչապետի փոփոխություն, Ռոբերտ Քոչարյանը ասաց. - «Մենք անցած տարի բյուջեն կատարել ենք պրոֆիցիտով, եւ այս տարի առաջին երկու ամիսը ցույց է տալիս, որ այն ազդեցությունը, որը փորձում եմ կիրառել այդ մարմինների վրա, դրական արդյունք ակնհայտորեն տալիս է: Հունվարին եւ փետրվարին մենք գերակատարել ենք բյուջեն եւ, համոզված եմ, որ այս տարին եւս մենք պրոբլեմներ այստեղ չենք ունենալու»:

«Մի կառավարություն, որը կատարում է բյուջեն, կատարում է ե’ւ ծախսային մասով, ե’ւ եկամտային մասով, ինչքան կայուն լինի, այնքան ավելի օգտակար է երկրի տնտեսության համար», - ավելացրեց նա:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG