Մատչելիության հղումներ

ԱՄՆ սենատորը Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Հայաստանի արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, մարտի 8-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի «Սեւծովյան տարածաշրջանում ժողովրդավարության հեռանկարները» լսումների ընթացքում Վիրջինիայի նահանգից սենատոր, հանրապետական Ջորջ Ալենը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ի պատասխան լսումներին մասնակցող Վաշինգտոնի Նիքսոնի կենտրոնի փորձագետ Զեյնո Բարանի դիտարկմանը, թե ժամանակակից Թուրքիայի հասարակության եւ վերնախավի լայն շրջանակներում տիրում են հակաամերիկյան տրամադրություններ, որոնք չխորացնելու նպատակով հարկավոր է զերծ մնալ Կոնգրեսում ցեղասպանության ճանաչման բանաձեւ ընդունելուց, սենատոր Ալենը, հնչեցնելով իր անձնական կարծիքը, նշել է. - «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում պատմական իրողություն է, որի ճանաչումը բխում է համայն մարդկության շահերից»:

Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը, ըստ Ալենի, «պահանջում է իշխանությունների հատուկ խիզախություն»:

Լսումներին, դիտորդի կարգավիճակով, ներկա էր նաեւ Թուրքիայի խորհրդարանի պաշտոնական պատվիրակությունը:

Միջոցառման մեկ այլ մասնակից՝ «Անցումային ժողովրդավարությունների նախագիծ» կազմակերպության ղեկավար Բրյուս Ջեքսոնը նշել է թուրք-ամերիկյան հարաբերությունների օրակարգում հայկական հարցի քննարկման անհրաժեշտությունը: Ջեքսոնը ասել է նաեւ, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի շրջափակումը լրջորեն խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG