Մատչելիության հղումներ

Ադրբեջանական «Մոնիտոր» ամսագիրը լույս կտեսնի նոր անվանմամբ


Ադրբեջանի իրավապահ մարմինները շարունակում են որոնել մարտի 2-ին Բաքվում «Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովին սպանած հանցագործին:

Ադրբեջանական ANS գործակալության փոխանցմամբ, դատախազության ներկայացուցիչ Էլդար Մեջիդովը հայտնել է, թե հետաքննությունը այժմ ուսումնասիրում է Հուսեյնովի սպանության բոլոր հնարավոր վարկածները:

Մեջիդովը հայտնել է նաեւ, թե ներկայումս իրավապահները որոնում են ոմն Վուգարի, ով Էլմար Հուսեյնովի բացակայությամբ մի քանի անգամ այցելել է նրա տուն, վերցրել լրագրողի բջջային հեռախոսի համարը, սակայն պայմանավորված ժամին չի եկել հանդիպման: Հուսեյնովի այրու վկայությունների հիման վրա կազմվել հնարավոր հանցագործի ֆոտոռոբոտը:

Էլմեր Մեջիդովը հաստատել է, թե հետաքննությանը աջակցություն են ցուցաբերել նաեւ թուրք եւ ամերիկացի մասնագետները:

Իսկ «Մոնիտոր» ամսագրի խմբագրի տեղակալ Էյնուլլա Ֆաթուլլաեւը երեկ հայտարարել է, թե մոտ օրերս ամսագիրը կվերագրանցվի եւ կսկսի լույս տեսնել նոր անվանմամբ:

«Նոր պարբերականը աչքի կընկնի ավելի սուր քննադատությամբ, քանի որ մենք ցնցված եւ վրդովված ենք մեր գործընկերոջ սպանությամբ», - նշել է Ֆաթուլլաեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG