Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին


Ինչպես հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի երեկոյան կոչ է արել պատմաբաններին անաչառ եւ անկողմնակալ կերպով ուսումնասիրել Օսմանյան կայսրությունում ցեղասպանության վերաբերյալ հայերի մեղադրանքները:

«Մենք բացել ենք մեր արխիվները նրանց համար, ովքեր պնդում են, թե կատարվածը ցեղասպանություն էր: Եթե նրանք ազնիվ եւ անկեղծ են՝ թող բացեն իրենց արխիվները», - ընդդիմության առաջնորդ Դենիզ Բայքալի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է վարչապետ Էրդողանը:

«Երկու երկրների պատմաբանները պետք է համատեղ ուսումնասիրեն այդ արխիվները: Եթե արդյունքում անհրաժեշտություն առաջանա քաղաքական որոշում կայացնել՝ իշխանությունները եւ ընդդիմությունը պատրաստ են նաեւ դրան» - հայտարարել է Էրդողանը՝ ավելացնելով. - «Թուրքիան չի ցանկանում, որպեսզի ապագա սերունդները բարդություններ ունենան փոխադարձ ատելության պատճառով»:

Նա նաեւ նշել է, թե Թուրքիայի խորհրդարանը շուտով կարող է հանդես գալ ցեղասպանության մեղադրանքներին վերաբերվող հատուկ քաղաքական հայտարարությամբ:

Իր հերթին, ընդդիմության առաջնորդ Դենիզ Բայքալը արտահայատել է իր կուսակցության ամբողջական աջակցությունը Էրդողանի վարած քաղաքականությանը այս նուրբ խնդրում:

«Թուրքիայի դեմ սկսվել է քաղաքական արշավ», - հայտարարել է Բայքալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG