Մատչելիության հղումներ

2004-ին Հայաստանում չի արձանագրվել բարձրաստիճան պաշտոնյայի կոռումպացվածության որեւէ դեպք


Անցած տարվա ընթացքում Հայաստանում չի արձանագրվել կոռուպցիայի որեւէ դրսեւորում, որին մասնակցած լիներ բարձրաստիճան որեւէ պաշտոնյա՝ նախարար, փոխնախարար, նախարարի խորհրդական կամ օգնական:

Հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ, հակակոռուպցիոն քաղաքականության մշակման հարցերով երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդական Բագրատ Եսայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ուրբաթ օրը ասաց, որ հանձնաժողովի՝ անցած տարի իրականացրած աշխատանքի արդյունքում չի հայտնաբերվել բարձրաստիճան կառավարական պաշտոնյայի կողմից կաշառք վերցնելու կամ պաշտոնը չարաշելու որեւէ դեպք:

Դիտարկմանը, թե, նկատի ունենալով միջազգային կազմակերպությունների եւ անկախ փորձագետների գնահատականները երկրում կոռուպցիայի տարածվածության մասին, արդյո՞ք զարմանալի չէ նման եզրակացությունը, Բագրատ Եսայանը արձագանքեց. - «Դուք հստակ տվյալներ ունե՞ք, որ որեւէ նախարար կամ փոխնախարար կաշառք է վերցրել: Ես նման տվյալներ չունեմ»:

«Եթե դուք տվյալներ ունեք, որ որեւէ նախարար կամ փոխնախարար կաշառք է վերցրել, խնդրում եմ հրապարակեք այդ տվյալները: Որովհետեւ մթնոլորտ է ստեղծվում, որ բոլորը կաշառակեր են վերեւներում», - շարունակեց նա: - «Եթե [բարձրաստիճան պաշտոնյայի կաշառառության դեպք] չի արձանագրվել, ուրեմն, առաջնորդվելով անմեղության կանխավարկածով, ես պարտավոր եմ ուղղակի ասել, որ նմանատիպ դեպք չկա... Ուրեմն չկա»:

Սա, Եսայանի խոսքերով, չի նշանակում, թե ինքը բացառում է կառավարական բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի դրսեւորումները: «Բայց քանի դեռ փաստը չի արձանագրվել, եկեք «եթե»-ներով չխոսենք», - հորդորեց նախագահի խորհրդականը:

Ներկայացնելով հանձնաժողովի կատարած աշխատանքների արդյունքները, Եսայանը ասաց, որ հարկային, մաքսային ծառայություններում, ոստիկանության համակարգում, ազգային անվտանգության ծառայությունում իրականացված քննությունների ընթացքում հայտնաբերված խախտումների մասով կարգապահական տարբեր տույժերի է ենթարկվել 1339 աշխատակից: 46 դեպքերում քննության արդյունքներով պետական պաշտոնյաների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում 2004 թվականին 352 կոռուպցիոն հանցագործության դեպք է գրանցվել, որոնցից բացահայտվել է 232-ը:

Ամբողջ 2004 թվականի ընթացքում Հայաստանում կաշառք տալու կամ վերցնելու ընդամենը 6 դեպք է արձանագրվել: Իսկ թե որքան գումար են յուրացրել պաշտոնյաները անցած տարվա ընթացում, Հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման մոնտորինգի հանձնաժողովի ղեկավարը տեղյակ չէ: Նա չի տիրապետում նաեւ տվյալների, թե կոնկրետ ինչ պաշտոններ են զբաղեցնում արձանագրված չարաշահումները թույլ տված՝ հիմնականում միջին օղակի պաշտոնյաները:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG