Մատչելիության հղումներ

ԱՊՀ հետագա ճակատագիրը կորոշվի օգոստոսին Կազանում կայանալիք գագաթնաժողովում


«Անկախ պետությունների համագործակցության հետագա ճակատագիրը կորոշվի օգոստոսի երրորդ տասնօրյակում Կազանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում», - չորեքշաբթի օրը հայտարարել է աշխատանքային այցով Երեւանում գտնվող ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն:

Մեկնաբանելով ԱՊՀ-ի՝ ապագա չունենալու մասին Ուկրաինայի արտգործնախարարության ներկայացուցչի հայտարարությունը, Ռուշայլոն նշել է, թե դա «հռետորական հարց է, որը նույնիսկ մեկնաբանության կարիք չունի»:

Կառավարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ԱՊՀ մարմինների բարեփոխումների իրականացման հարցը քննարկվել է նաեւ Վլադիմիր Ռուշայլոյի եւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հինգշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ:

Կողմերը նշել են, որ չնայած օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դժվարություններին, այսօր ԱՊՀ անդամ պետությունների համագործակցությունը՝ հատկապես տնտեսության, անվտանգության, հանցավորության դեմ պայքարի, հումանիտար ոլորտներում, ընդհանուր առմամբ արդյունավետ է ընթանում:

Վլադիմիր Ռուշայլոն Անդրանիկ Մարգարյանին է ներկայացրել ապրիլի 29-ին Թբիլիսիում կայանալիք ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ նշելով, թե նիստում նախատեսված է քննարկել փոխգործակցության տարբեր ոլորտներին վերաբերող ավելի քան 3 տասնյակ որոշումների նախագծեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG