Մատչելիության հղումներ

Արտակարգ միջադեպ Երեւանի տնտեսագիտական ինստիտուտում


Երեւանի տնտեսագիտական ինստիտուտում չորեքշաբթի օրը ինստիտուտից հեռացված մի ուսանող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի դեկանատում: Դեկան Ալբերտ Հովհաննիսյանը եւ դասախոս Լյուբա Մեհրաբյանը չեն տուժել:

Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը հայտնել է, որ կրակոցները արձակել է ինստիտուտի նախկին ուսանող, 1984 թվականին ծնված Համլետ Քեշիշյանը եւ դիմել է փախուստի:

Դեպքի վայրում, բացի երեք պարկուճներից, հայտնաբերվել է նաեւ ռետինե բռնակով մահակ: Ավելի ուշ Քեշիշյանը կամավոր ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք:

«Դեպքի հետ կապված հանգամանքները պարզվում են, նախաքննությունը վարում է ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժանմունքը», - տեղեկացնում է հաղորդագրությունը:

Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալբերտ Հովհաննիսյանը, ըստ հարազատների, այժմ ոստրիկանությունում է եւ ցուցմունք է տալիս։

Բուհում շրջանառվող վարկածի համաձայն, կրակոցների պատճառը դասախոսի սկզբունքայնությունն է եղել։ Լյուբա Մեհրաբյանը, ըստ ուսանողների, ամիսներ շարունակ տեղի չի տվել Քեշիշյանի հարազատների ու ծանոթների միջնորդություններին եւ հետեւողականորեն պնդել է, որ դասերից անհարկի բացակայած երիտասարդը պետք է հեռացվի բուհից։ Համլետ Քեշիշյանը 3 անգամ անբավարար էր ստացել նույն քննությունից եւ հեռացվել ինստիտուտից:

Մի քանի օր առաջ նույն բուհում մեկ այլ պատահար էր գրանցվել. ուսանողներից մեկը դասախոս Իբարուրի Համամչյանի հետ վեճի էր բռնվել, որն ի վերջո վերածվել էր ծեծկռտուքի։ Կնոջը վիրավորած ուսանողը հեռացվել է բուհից։


Հեղինե Բունիաթյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG