Մատչելիության հղումներ

Գեներալ Ջոնս. «Կովկասը չափազանց կարեւոր է ԱՄՆ շահերի համար»


«Իր ռազմավարական գնահատականներում ԱՄՆ ռազմական հրամանատարությունը Կովկասը համարում է աշխարհի կարեւորագույն տարածաշրջաններից մեկը», - երեքշաբթի օրը հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ջեյմս Ջոնսը:

«Կովկասը ավելի ու ավելի կարեւոր նշանակություն է ձեռք բերում մեր շահերի համար», - երեքշաբթի օրը, լրատվամիջոցների փոխանցմամբ, Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ, ներկայացնելով աշխարհում Միացյալ Նահանգների ռազմական ու ռազմավարական ներկա ու ապագա շահերի վերաբերյալ վերլուծական զեկույցը, հայտարարել է գեներալը, ով ղեկավարում է նաեւ ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը:

Ջոնսի խոսքերով, կովկասյան «օդային միջանցքը վճռորոշ կարեւորության կենսապահովման ուղի է Աֆղանստանում կոալիցիոն զինված ուժերի եւ Եվրոպայում մեր ռազմակայանների միջեւ»:

«Կասպիական նավթին, որը գալիս է Կովկասով, մոտակա հինգ տարիներին կարող է բաժին ընկնել աշխարհում նավթի արդյունահանման աճի մինչեւ 25 տոկոսը», - հայտարարել է գեներալը:

«Չնայած Կովկասը պառակտված է էնթիկ հակամարտություններով եւ ախտահարված է կոռուպցիայով եւ հանցավորությամբ, անցած տարվա ընթացքում այդ տարածաշրջանի որոշ վայրերում նշանակալի առաջընթաց է արձանագրվել դեպի ժողովրդավարությունը եւ կայուն իշխանությունը», - հայտարարել է նա: - «Այդ տարածաշրջանը առանցքային աշխարհագրական կետ է Կենտրոնական եւ Հարավարեւելյան Ասիայի երկրներում ժողովրդավարության եւ շուկայական տնտեսության տարածման գործընթացում»:

Ջոնսը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը ամերիկյան հատուկ նշանակության ուժերի հրամանատարության հետ միասին ներկայումս աշխատում է նոր պլանի վրա, որը ընդգրկելու է մինչեւ 2015 թվականը ընկած ժամանակաշրջանը: Ըստ այդմ՝ Միացյալ Նահանգները իր հատուկ նշանակության «մշտական եւ ռոտացիոն» ուժերը կփոխադրի նոր ռազմակայաններ՝ «Եվրոպայի հարավում»:

«Պլանի մանրամասները գաղտնի են պահվում, քանի որ դեռեւս շարունակվում են բանակցությունները ընդունող երկրների հետ», - ասել է գեներալը՝ պարզաբանելով, թե «ռազմական գործողությունների համար նախատեսված հատուկ նշանակության ուժերի վերատեղակայումը Ալպյան լեռնաշղթայից հարավ կուժեղացնի դրանց փոխգործակցությունը, պատրաստությունն ու արձագանքը ճգնաժամերին Կովկասում եւ Աֆրիկայում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG