Մատչելիության հղումներ

Ֆրասիան պնդում է, թե Վրաստանի Պանկիսի կիրճում արտադրում են քիմիական եւ կենսաբանական զենք


«Միջազգային ահաբեկիչները քիմիական եւ կենսաբանական զենք են արտադրում Վրաստանի Պանկիսի կիրճում», - ըստ «Կավկազպրես» գործակալության, երեքշաբթի օրը Լիոն քաղաքում բիոահաբեկչությանը նվիրված միջազգային գիտաժողովում հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Դոմինիկ դե Վիլլեպենը:

Նախարարի խոսքերով, Ֆրանսիայի հատուկ ծառայությունների տրամադրության տակ կան փաստաթղթեր, որոնք վկայում են վրաց-չեչենական սահմանի մերձակայքում Ալ-Ղաիդայի կողմից զանգվածային բնաջնջման զենքի արտադրության մասին:

Բիլլեպենը նշել է, թե սիբիրախտով, ռիսինով եւ բոտուլիզմով թունավոր վարակիչներ օգտագործելու՝ Աֆղանստանում վերապատրաստում անցած Ալ-Ղաիդայի խմբերը «Թալիբան»-ի պարտությունից հետո տեղափոխվել են Պանկիսի, ուր շարունակել են իրենց փորձերը քիմիական եւ կենսաբանական զենքի արտադրության ուղղությամբ: Այս ամենը, ըստ նրա, տեղի է ունեցել 2000-2002 թվականներին, ինչի մասին տեղյակ են եղել տարբեր երկրների հատուկ ծառայություններ:

Ըստ «Ինտերֆաքս» գործակալության, մեկնաբանելով Ֆրանսիացի իր գործընկերոջ հայտարարությունը, Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին հայտնել է, թե Վրաստանի իշխանությունները այդ մասին որեւէ տեղեկություն չունեն:

«Անցած տարի որեւէ հատուկ ծառայություն մեզ տեղեկություններ չի հաղորդել Պանկիսի կիրճում ահաբեկչական խմբերի կողմից քիմիական եւ կենսաբանական զենքի արտադրության մասին», - հայտարարել է Մերաբիշվիլին՝ ավելացնելով. - «2002 թվականին Միացյալ Նահանգների հետ համատեղ Պահկիսի կիրճում իրականացված հակաահաբեկչական օպերացիայով լուծվել են բոլոր խնդիրները»:

Ըստ նրա, ներկայումս Վրաստանի իրավապահ մարմինները լիովին վերահսկում են իրավիճակը Պանկիսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG