Մատչելիության հղումներ

Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը


Ինչպես հաղորդում է «ԱզերԹաջ» գործակալությունը, հաշվի առնելով սեյսմիկ գոտու վտանգները, Թուրքիան պահանջել է փակել Մեծամորի հայկական ատոմակայանը: Այդ կապակցությամբ Թուրքիան պաշտոնապես դիմել է Եվրամիությանը եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը:

«ԱզերԹաջ»-ը ներկայացմամբ, Եվրամիությունը նույնպես պահանջել է փակել Մեծամորի ատոմակայանը, սակայն Հայաստանը հայտարարում է, թե Մեծամորի ԱԷԿ-ը գործելու է մինչեւ 2016 թվականը, քանի որ երկրում սպառվող էլեկտրաէներգիայի 30 տոկոսը արտադրվում է ատոմակայանում:

Չբավարարվելով այս բացատրությամբ, Թուրքիան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, որը հայտարարել է այս հարցով ծավալուն ռեւիզիա անցկացնելու մասին:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը նման ռեւիզիա արդեն անցկացրել է Իրաքում, իսկ առաջիկայում կանցկացնի նաեւ Իրանում:

Հայաստանի ներկայացուցիչները հայտարարել են, թե Մեծամորի ԱԷԿ-ը փակելու, միջուկային ռեակտորը կանգնեցնելու եւ ԱԷԿ-ին համարժեք այլընտրանքային էներգետիկ հզորություններ ստեղծելու համար անհրաժեշտ է մոտ 1 միլիարդ դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG