Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 26-ը փետրվարի)

«Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հարցերին պատասխանելով՝ նախագահ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի օպտիմալ կարգավիճակի հետ կապված ձեւակերպում է. - «Անկախություն տեսանելի ապագայում, Հայաստանի մաս երկարագնա հեռանկարում»: «Ներկայումս բանակցային գործընթացն ակտիվացել է, եւ արդյունքի թեթեւակի հույս կա», - ասում է Ռոբերտ Քոչարյանը: Իր ձեւակերպմամբ՝ «զգուշավոր լավատեսություն» ունի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Շատ ավելի լավատես է Հայաստանի ներքին իրավիճակի գնահատականներում եւ մասնավորապես հավաստիացնում է, որ իշխանության կառույցներում գերազանցապես «ազնիվ ու բարձր մակարդակի մարդիկ են»: Մեր քաղաքացիների մեծ մասն էլ բնավ «հոռետեսորեն չեն տրամադրված», այլապես արդեն 4 տարի չէինք ունենա 11,7 տոկոս միջին տարեկան աճ»:

Ազգային ժողովի «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը «Հայկական ժամանակ» թերթի հարցազրույցում գնահատում է. - «Կուսակցությունները, որոնք ձեւավորել են կոալիցիան եւ վերցրել են պատասխանատվություն իշխանության համար, այսօր այնպիսի գործընթացներ են տանում, որ պարզապես անթույլատրելի է: Ժամանակին ժողովրդի ականջները շոյելով, մասամբ խաբելով, ձայները գրպանել են, իշխանությունը կոալիցիոն սկզբունքով իրար մեջ բաժանել են ու հիմա փոխադարձ մեղադրանքներով յուրաքանչյուրն ուզում է ընդլայնել իր ունեցած իշխանության տոկոսը... Այսօր նրանք երկրում քաղաքական անկայուն իրավիճակ են ստեղծել՝ իրար հետ հարաբերվելով բացառապես հաթաթաների եւ իշխանության գործունեության պատասխանատվությունից փախչելու ոճով»: «Խորհրդարանում եւ կոալիցիայի ներսում ստեղծված այս բարձիթողի իրավիճակը շատ վտանգավոր զարգացումների կարող է հանգեցնել», - ամփոփում է Կարեն Կարապետյանը: - «Եթե երկրի զարգացումը բնականոն հուն բերելու ռեալ մեխանիզմն ԱԺ-ի լուծարումն է լինելու, մենք դրան կաջակցենք: Ինչ վերաբերում է արտահերթ նախագահական ընտրություններին, ապա այսօր ես լուրջ խմորումներ տեսնում եմ դեռեւս ԱԺ-ում»:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, թե փետրվարի 22-ին կալանավորված Լեւոն Շահինյանը մինչ կալանավորվելը՝ փետրվարի 16-ին իր դիմումի համաձայն ազատվել է նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության պետի պաշտոնից եւ թե՝ «նա կալանավորվել է մասնավոր, այլ ոչ թե պետական գործունեության ընթացքում թույլ տված խախտումների համար, ինչպես նշված է եղել մամուլում»: Սրա հետ կապված «Ազգ»-ի մեկնաբանը նշում է. - «Նախարարությունը փաստորեն փորձում է ձերբազատվելով իր նախկին վարչության պետից, փրկվել վարկաբեկվելուց, բայց ընկնում է մեկ այլ զավեշտական վիճակի մեջ: Պատասխան չենթադրող հարց է առաջանում, թե ի՞նչ իրավունք ուներ նախարարության բարձրաստիճան պաշտոնյան զբաղվելու մասնավոր գործունեությամբ եւ եթե չլիներ վերահսկողության վարչության պետ, կարո՞ղ էր նման մասշտաբների՝ թեկուզ «մասնավոր գործունեության ընթացքում» հափշտակումներ կատարել: Առավել ծիծաղելի է հաղորդագրության այն ենթատեքստը, ըստ որի հիշյալ յուրացումները նա կատարել է աշխատանքից ազատվելու եւ ձերբակալվելու միջեւ ընկած 6 օրվա ընթացքում»:

Մի քանի թերթ շարունակում են ներկայացնել մտավորականների բողոք եւ ընդվզում այն կապակցությամբ, որ Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովը արգելում է «Հայրենիք» հեռուստաընկերությանը վերահեռարձակել «Մեցցո» երաժշտական ալիքի հաղորդումները: Ալվարդ Պետրոսյանը «Հայոց աշխարհ» թերթում ասում է. - «Իսկ ինչպե՞ս է հանդուրժվում այն եթերային աղբը, որ մեր գլխին է մաղվում զօր ու գիշեր: Ու հանկարծ այդ աղբի միջից գտնում են հատուկենտ, իրական ադամանդը եւ ասում են՝ հենց սա ապօրինի է»։ «Եթե եթերային աղբը մեր գլխին սփռողներին նկատմամբ խիստ ներողամիտ, բարյացակամ են, ես էլ մտածում եմ, որ էս թամաշաները, աղբը հատուկ նպատակ են հետապնդում։ Որովհետեւ եթե դու քո ժողովրդի ցատկաձողը՝ հոգեւոր իղձերի, երազների, իրական պահանջների, բարձր չափանիշների ցատկաձողը իջեցնում ես գետնաքարշ մի մակարդակի, մտածում են, որ սա ուրեմն հստակ, ինչ-որ մի կողմից ուղղորդվող քաղաքականություն է»։

«Չարժե շատ ոգեւորվել, թե Ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ աշխարհը կսթափվի եւ կսկսի փչացնել Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունները», - անդրադառնում է այսօր «Առավոտ» թերթը: - «Գուցե թե այդ օրը ամենատարբեր երկրների ներկայացուցիչները կարտասանեն այնպիսի խոսքեր, ինչպիսիք արտասանեց ամերիկահայերի առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Էվանսը: Սակայն դա ամենեւին էլ մխիթարական չէ: Ավելին, վիրավորական է, երբ քեզ ասում են՝ մենք գիտենք, որ ցեղասպանությունը եղել է, սակայն չենք ցանկանում ճանաչել, որպեսզի չփչացնենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները»: Այս առումով «Առավոտ»-ում շեշտված է. - «Եթե մենք չհաջողացնենք առաջիկա 10 տարիներին էլ դառնալ իրո՛ք անկախ, ինքն իրեն եւ իր ժողովրդին հարգող երկիր, այլ ոչ թե ինչ-որ երկրի ֆորպոստ, ապա էլ ի՞նչ հարգանք կարող ենք ակնկալել այլ պետություններից»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG