Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը եւս 20 մլն դոլարի վարկ կհատկացնի Երեւանի ջրամատակարարման բարելավմանը


Երեկ ուշ երեկոյան Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման երկրորդ վարկային ծրագիրը՝ 20 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։

Ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնն ասաց, թե հինգ տարի տեւողությամբ այս նոր ծրագրի ավարտին զգալիորեն կբարելավվի ջրամատակարարումը մայրաքաղաքում եւ շուրջօրյա ջուր կունենա Երեւանի բնակիչների առնվազն 90 տոկոսը:

«Սա նշանակում է, որ օրվա ընթացքում մարդիկ շատ ավելի ժամաքանակներ մշտական ջուր կունենան ու կբարելավվի ջրի որակը», - ասաց Ռոբինսոնը՝ ավելացնելով, թե ինքը գոհ է Երեւանի ջրամատակարման եւ ջրահեռացման արդեն ավարտին մոտեցող առաջին վարկային ծրագրի կատարման ընթացքից։ - «Եթե առաջիկա 4 տարիներին մենք շարունակենք վերջին 2 տարիներին գրանցված առաջընթացը, ապա այդ ժամանակաշրջանի վերջում Երեւանի ջրամատակարարումը շատ ամուր հիմքերի վրա դրված կլինի»:

Ասուլիսին մասնակցում էր նաեւ Երեւանի համայնքային զարգացման ծրագրի իրականացման գրասենյակի գործադիր տնօրեն Վարազդատ Ավոյանը, ով հայտարարեց, որ նոր վարկային ծրագիրը կյանքի կոչելու համար պետք է ներգրավվի Երեւանի ջրամատակարման համակարգի նոր կառավարիչ՝ այսպես կոչված, լիզինգային օպերատոր, որի ընտրության մրցույթը կհայտարարվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։

Ավոյանը ասաց, թե Երեւանում խմելու ջրամատակարարման ակնհայտ բարելավում է տեղի ունեցել. եթե 1998 թվականին Երեւանում ողջ օրը ջուր ուներ ընտանիքների 2025 տոկոսը, ապա այժմ դրանց քանակը հասել է 72-73 տոկոսի: «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերությունը, մինչդեռ, պնդում է, թե շուրջօրյա ջրամատակարարում ունեն ընտանիքների առնվազն 80 տոկոսը։

Պաշտոնական այս թվերի հետ, սակայն, համաձայն չեն սպառողների շահերի պաշտպանությանը հետամուտ հասարակական կազմակերպությունները, որոնցից մեկի ուսումնասիրությունների համաձայն, մայրաքաղաքում շուրջօրյա ջրամատակարարում ունեցող ընտանիքների թիվը չի անցնում 27 տոկոսից։

Ջրի թեման վաղուց կենցաղայինից դարձել է քաղաքական քննարկումների առարկա. երեկ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ ագիկ Ոսկայանը հայտարարեց, այդ առաջին վարկային ծրագրի միջոցները անարդյունավետ են օգտագործվել։

«Մենք բարձր ենք գնահատում Վերահսկիչ պալատի ներգրավվածությունը, բայց կոնկրետ այս դեպքում մենք մեկնաբանություն չունենք», - այդ կապակցությամբ ասաց Ռոջեր Ռոբիննսոնը: - «Եթե նրանք գտնում են, որ տվյալ ծրագրի իրականացումը արդյունավետ չի եղել, ապա ես պետք է չհամաձայնեմ նրանց հետ»։

Սովորաբար, բնական մենաշնորհներ համարվող ոլորտների վարկային հատկացումները ուղեկցվում են դրանց ծառայությունների սակագների որոշակի աճով։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե սակագների բարձրացում նախատեսվում է այս նոր ծրագրի շրջանակներում, Ռոբինսոնն ասաց, թե առայժմ շատ դժվար է կանխատեսել, թե ջրի սակագները ինչպիսին կլինեն 4 տարի անց՝ վստահաբար պնդելով, սակայն, որ ջրի սակագինը կաճի։


Ատոմ Մարգարյան

(Լուսանկարում՝ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG