Մատչելիության հղումներ

«Տարածքային զիջումների մասին նույնիսկ հայտարարություն անելը դավաճանություն է»


«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը, որը միավորում է հիմնականում Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկների, հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հայտարարությունները ազատագրված տարածքները վերադարձնելու հնարավորության մասին:

«Այն բանում, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը կարող է լինել բացառապես փոխզիջումային հիմքի վրա, որեւէ կասկած լինել չի կարող: Որ մենք 1992-94թթ. այդ անվտանգության գոտին ստեղծելով՝ նպատակ չենք ունեցել Ղարաբաղի կամ Հայաստանի տարածքը մեծացնել, նույնպես իրականություն է: Եվ եթե այդ անվտանգության գոտին զիջելով՝ մենք Ղարաբաղի բնակչության համար կարողանանք ձեռք բերել ավելի անվտանգ պայմաններ, ապա այս խնդրի շուրջ խոսել կարելի է», - անցած շաբաթ հրապարակված հարցազրույցում ասել էր Սերժ Սարգսյանը:

«Պաշտպանության նախարարը շարունակում է պնդել, որ դրանք ընդամենը անվտանգության գոտի են եւ վաղ թե ուշ ենթակա են հանձնման, իսկ որպես հավելյալ զիջում, այլեւս չի պահանջում ոչ «ավելի լայն միջանցք», ոչ էլ «ամբողջ մարմնով կապված ընդհանուր սահման», - ասված է հայտարարության մեջ: - «Բացի այդ, իր իսկ խոստովանությամբ, «ցավոտ պայմանագրի» գործադրումը, իսկ հետագայում «խոցելի դարձած» սահմանների պաշտպանությունը նա պատկերացնում է խաղաղարարների միջոցով»:

Հայտարարության հեղինակների կարծիքով, նման հայտարարություններով «նախարարը եւս մեկ անգամ վերահաստատում է անչափ շատ բան զիջելու իր պատրաստակամությունը»:

««Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը բազմիցս դավաճանություն է որակել տարածքային զիջումների մասին նույնիսկ հայտարարություն անելը, հատկապես պաշտպանության նախարարի կողմից», - ասված է հայտարարությունում: - «Նույնքան անթույլատրելի է օտար ռազմուժի որեւէ ներգրավում հայ-ադրբեջանական հարաբերություններում, ինչպես նաեւ այդ պատրվակով հարեւան երկրներին սպառնացող հենակետերի հաստատումը Արաքսի ափին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG