Մատչելիության հղումներ

Գորան Լենմարկեր. «Զեկույցի նպատակը միջազգային հանրության ուշադրությունը գրավելն է»


Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Գորան Լենմարկերը հայտարարել է, թե ձգտում է «անաչառ կերպով ներկայացնել Ղարաբաղյան հակամարտության պատճառներն ու իրողությունները»:

«Լեռնային Ղարաբաղի հարցով իմ զեկույցի նպատակը միջազգային հանրության ուշադրությունը գրավելն է», - ադրբեջանական ANS գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Լենմարկերը:

Հակամարտության չլուծված լինելը նա կապել է նաեւ հարցի շուրջ միջազգային հանրության անբավարար տեղեկացվածությամբ: Միեւնույն ժամանակ նա նշել է, թե վերջնական լուծումը կախված է հակամարտության կողմերից՝ ավելացնելով, թե իր առաքելությունը նպատակ չունի որեւէ կերպ միջամտել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:

Լենմարկերը նշել է, թե ուսումնասիրում է իրավիճակը «ամենայն լրջությամբ» եւ կներկայացնի իր սեփական եզրակացությունները՝ «լինելով չափազանց զգույշ կողմերի կարծիքները օգտագործելիս»:

«Ի վերջո, հակամատությունը պետք է լուծվի հնարավորին չափ արագ, որպեսզի ԵԱՀԿ-ն կարողանա զբաղվել Հարավային Կովկասի մյուս խնդիրներով», - հայտարարել է Գորան Լենմարկերը:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Լենմարկերի զեկույցը կներկայացվի հուլիսի 4-9-ը Վաշինգտոնում կայանալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սատար Սաֆարովի խոսքերով, Լենմարկերի զեկույցի որոշ դրույթներ չեն բավարարում Ադրբեջանին: Պաշտոնական Բաքուն պահանջում է փոփոխություններ մտցնել, մասնավորապես՝ ավելացնել «Հայաստանին ագրեսոր պետություն ճանաչելու» մասին դրույթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG