Մատչելիության հղումներ

Կառուցվելու է Հայաստանը Իրանին կապող նոր ավտոմայրուղի


Հայաստանը պատրաստվում է կառուցել երկրորդ ավտոմայրուղին, որը հնարավորություն կտա նշանակելիորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալը հարեւան Իրանի եւ Հայաստանի միջեւ:

Ինչպես երկուշաբթի օրը հաղորդել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի օրը աշխատանքային հանդիպում է ունեցել տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում, որը ընդհանուր առմամբ վերաբերել է հանրապետության «ճանապարհային տնտեսության վերականգնմանը», քննարկվել են նաեւ Կապան - Մեղրի նոր կառուցվելիք ճանապարհահատվածին վերաբերող հարցեր:

«Կառուցվելիք մայրուղին Հայաստանը Իրանին միացնող երկրորդ ճանապարհն է լինելու, որը տեխնիկական եւ տնտեսական պարամետրերով զգալի առավելություն կունենա գործողի համեմատ», - տեղեկացնում է հաղորդագրությունը: - «Մասնավորապես, եթե գործող ճանապարհը հնարավորություն է տալիս բեռնափոխադրումներ կատարել առավելագույնը 36 տոննա տարողությամբ ավտոմեքենաներով, ապա նոր ճանապարհով կարող են երթեւեկել մինչեւ 80 տոննանոց ավտոմեքենաներ»:

Փոխանցվում է նաեւ, որ նոր ճանապարհի կառուցման աշխատանքները կսկսվեն գալիք ապրիլին եւ կավարտվեն հաջորդ տարի, ինչի նպատակով 2005 թվականի պետբյուջով 6,6 մլրդ դրամ է նախատեսված:

«Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է տրանսպորտի եւ կապի նախարարին ամենօրյա հսկողության տակ առնել ճանապարհի կառուցման աշխատանքները, ընդգծելով, որ այն պետք է կառուցվի որակով եւ շահագործման հանձնվի նախատեսված ժամկետում», - ասված է հաղորդագրությունում:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG