Մատչելիության հղումներ

Քահան Սոյակ. «Հայաստանը կարող է դառնալ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրային միջնորդ»


«Հայաստանը կարող է դառնալ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ առեւտային միջնորդ, ինչը թույլ կտա լուծել միանգամից երկու խնդիր՝ հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների լիարժեք զարգացման եւ դեպի Ռուսաստան ու Միջին Ասիա Հայաստանով Թուրքիայի ելքի ապահովման», - «Ռեգնում» գործակալության հարցազրույցում հայտարարել է հայ-թուրքական գործարար հարաբերությունների զարգացման խորհրդի համանախագահ Քահան Սոյակը:

Նրա խոսքերով, Հայաստանում հնարավոր է կազմակերպել թուրքական որոշ ապրանքների արտադրությունը, որոնք այնուհետեւ կարտահանվեն Ռուսաստան: Նման հեռանկարին, ըստ Սոյակի, համաձայն են նաեւ ռուսաստանցի գործարարները: Մասնավորապես՝ հնարավոր է Հայաստանում թուրքական հաստոցներով գործարանի կառուցումը, որի արտադրանքը շատ ավելի էժան եւ մրցունակ կլինի ռուսաստանյան շուկայում:

«Այդ դեպքում կշահեն ե’ւ Թուրքիան, ե’ւ Հայաստանը, ե’ւ Ռուսաստանը, իսկ ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր կլինի հասցնել 1 միլիարդ դոլարի», - նշել է Սոյակը՝ ավելացնելով, թե ներկայումս այն չի գերազանցում 120 միլիոնը եւ իրականացվում է երրորդ երկրի՝ Վրաստանի տարածքով:

Հայ-թուրքական սահմանի վերաբացման դեպքում, որի մասին խոսակցություններն, ըստ Սոյակի, առայժմ իրատեսական չեն, հնարավորություն կլինի խոսել նաեւ Հայաստանով տարանցիկ գազամուղի կառուցման մասին: Ռուսաստանն այդ դեպքում կարող է Հայաստանում կառուցել խոշոր գազի պահեստներ՝ այնուհետեւ Թուրքիա արտահանելու նպատակով:

Քահան Սոյակի գնահատմամբ, Կարս - Թբիլիսի - Բաքու երկաթուղու կառուցման նախագիծը քաղաքական է, ոչ թե տնտեսական, այն յուրահատուկ վերջնագիր է Երեւանին՝ փոխել դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի եւ հարցում:

«Համոզված եմ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որոշակի համաձայնության դեպքում խոսակցությունները երկաթուղու շինարարության մասին կդադարեն», - հայտարարել է Քահան Սոյակը:

Հայ-թուրքական գործարար հարաբերությունների զարգացման խորհուրդը ստեղծվել է 1997 թվականին: Այն կոչված է հաստատել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մշակութային եւ առեւտրատնտեսական հարաբերություններ՝ գործարար շրջանակների, մտավորականների, լրագրողների եւ ուսանողության փոխայցերի կազմակերպման միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG