Մատչելիության հղումներ

Վրաց-ադրբեջանական «տրանսպորտային» պատերազմին կմիջամտի Վրաստանի նախագահը


«Ադրբեջանը այսօր «կանաչ լույս» է տվել Վրաստան եկող վագոններին: Գործընթացը սկսված է, մենք այժմ պետք է կարգավորենք այն», - հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանում հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Զուրաբ Նողաիդելին:

Նրա խոսքերով, այսօր առավոտվանից թույլատրվել է հացահատիկ տեղափոխող վագոնների մուտքը Վրաստան: Ես չգիտեմ՝ դա Ադրբեջանի կառավարության ժամանակավոր, թե վերջնական որոշում է», - նշել է Նողաիդելին՝ խոստանալով մինչեւ երեկո տիրապետել իրավիճակի շուրջ ողջ տեղեկատվությանը:

Իսկ Վրաստանի Վառելիք արտադրողների, ներմուծողների եւ սպառողների միության նախագահ Վանո Մթվրալաշվիլին մամլո ասուլիսում երեկ հայտարարել է, թե մինչ օրս վրաց-ադրբեջանական սահմանին Վրաստան մուտք գործելու իրենց հերթին են սպասում 316 բեռնատարներ:

Նրա խոսքերով, բանակցությունները ադրբեջանական կողմի հետ մինչեւ այժմ չեն տվել որեւէ շոշափելի արդյունք, ուստի միությունը խնդրանքով դիմելու է նախագահ Սահակաշվիլուն՝ օգտագործել իր հեղինակությունը իրավիճակը կարգավորելու գործում:

«Կավակզպրես»-ը նշում է, թե վերջերս Վրաստանում էր Ադրբեջանի մաքսայինների պատվիրակությունը, որը ստուգել էր կանգնեցված բեռնատարների բոլոր հասցեները, որից հետո դրանց մի մասին տրվել էր «կանաչ լույս», իսկ մյուսը սպասում են իրենց հերթին:

Վրաց-ադրբեջանական «տրանսպորտային պատերազմը» սկսվել է անցված տարվա նոյեմբերից, երբ Ադրբեջանի մաքսային ծառայությունը արգելել էր մեծ թվով բեռնատար մեքենաների եւ վագոնների մուտքը Վրաստան: Ադրբեջանական կողմը ենթադրում էր, թե բեռների մի մասը հետագայում կարող է հայտնվել Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG