Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտգործնախարարը Հայաստանի ղեկավարության հետ քննարկել է երկկողմ կապերը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը


Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը Հայաստանի ղեկավարների հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:

Լավրովի հանդիպումների ընթացքում արծարծվել են նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հայաստանյան այցի նախապատրաստմանն առնչվող հարցեր:

Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը Երեւանում հանդիպումներ է ունեցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Նախագահ Քոչարյանի հետ հանդիպման առանցքային թեմաներն են եղել, ըստ նախագահի մամլո գրասենյակի, ոչ միայն երկկողմ, այլեւ տարծաշրջանային համագործակցությանն առնչվող խնդիրներ:

«Մասնավորապես քննարկվել են տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ընդլայնման եւ դրանով իսկ բազմակողմ տնտեսական համագործակցության հնարավորություններ ընձեռելու վերաբերյալ հարցեր», - ասված է հաղորդագրությունում: - «Քննարկվել է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների ներկա փուլը եւ հնարավոր զարգացումները»:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Լավրովի հետ հանդիպման ժամանակ ուշադրություն է սեւեռել «պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնված հայկական ձեռնարկությունների շուտափույթ վերագործարկման, հաղորդակցության ուղիների եւ տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերին Հայաստանի մասնակցության հնարավորություններին»։

Վարչապետը, մասնավորապես, նշել է, որ հայկական կողմը մտահոգված է այլ երկրների հետ Հայաստանի տարածքով երկաթուղային հաղորդակցության ուղիների գոյության պայմաններում Ղազվին-Ռեշտ-Աստարա նոր երկաթգծի կառուցման խնդրով: Սերգեյ Լավրովը ասել է, թե այդ ոլորտում Ռուսաստանը առավելագույնս հաշվի կառնի Հայաստանի շահերը եւ չի անի այնպիսի քայլեր, որոնք կվնասեն դրանց։

Այցի ավարտին հրավիրված ասուլիսում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը տեղեկացրեց, որ հայաստանյան հանդիպումներում քննարկվել են հարցերի չորս խումբ՝ երկկողմ հարաբերություններ (համագործակցությունը տնտեսական, ռազմական եւ մշակութային ոլորտներում), տարածաշրջանային հարցեր, «գլոբալ խնդիրներ» եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG