Մատչելիության հղումներ

Վրաստանում մեկնարկել է «Միջէթնիկական հարաբերությունների կառավարում» ծրագիրը


Վրաստանը սկսում է իրականացնել «Միջէթնիկական հարաբերությունների կառավարում» ծրագիրը, որը մշակվել է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով գերագույն հանձնակատարը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի քաղաքացիական ինտեգրման նախարար Զինաիդա Բեստաեւան ասել է, որ ծրագրի նպատակը միջէթնիկական հարաբերությունները ամրապնդելն է՝ հատկապես Վրաստանի հայաշատ Ջավախքում:

Ծրագիրը մեկնարկել է այսօր Թբիլիսիում բացված չորսօրյա սեմինարով, որի ընթացքում պետական եւ հասարակական գործիչները, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները քննարկելու են հասարակությանը ազգային փոքրամասնությունների ինտեգրման հարցերի լայն շրջանակ:

Այս շաբաթ տեղի է ունենալու մեկ այլ սեմինար՝ կապված Ջավախքի դպրոցներում վրացերենի ուսուցիչների վերապատրաստման նոր ծրագրերի հետ: ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով գերագույն հանձնակատարի նախաձեռնությամբ հայազգի քաղծառայողները եւ ուսանողները կսովորեն վրացերեն լեզուն, Վրաստանի հեռուստատեսության լրատվական ծրագրերը կթարգմանվեն հայերեն եւ կհեռարձակվեն Ջավախքում, իսկ Նինոծմինդայի, Ախալքալակի եւ Ախալցիխեի հայերը հնարավորություն կունենան ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն:

Վրաստանի կառավարությունը եւ խորհրդարանը նախատեսում են մոտ ապագայում ստեղծել ազգային փոքրամասնությունների հարցերով համակարգող խորհուրդ, որի կազմում, բացի պատգամավորներից եւ կառավարության ներկայացուցիչներից, կլինեն հասարակական կազմակերպությունների եւ Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG