Մատչելիության հղումներ

Խորհրդարան ներկայացված օրինագծերը հարկային իրավախախտումների համար խստացումներ են նախատեսում


Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի քննարկմանը ներկայացված մի շարք օրինագծեր շոշափելի փոփոխություններ են նախատեսում հարկային իրավախախտումների համար նախատեսված քրեական պատժամիջոցներում՝ խստացման ուղղությամբ։

Նպատակը, անշուշտ, բարի է՝ ուժեղացնել պայքարը կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ։ Առավել եւս, որ նման կոչ հնչեցնում է ոչ այլ ոք, քան երկրի գլխավոր դատախազը։

«Մենք ունենք լուրջ խնդիր ՝ կապված հարկային պարտավորություններից խուսափելու համար նախատեսված պատժամիջոցի, պատժաչափի հետ», - անցած ամռանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր երկրի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: - «Կոնկրետ քրեական գործով ապացուցեցինք, որ անձը հարկային պարտավորություններից խուսափել էր 7 միլիարդ դրամի չափով: Դատի տվեցինք նրան, գործը ուղարկեցինք դատարան. անձը դատապարտվեց ազատազրկման, եւ բավարարվելով արդեն իսկ այն ժամկետով, որը նա անցկացրել էր քննչական մեկուսարանում, դատարանը նրան ազատ արձակեց»:

Գլխավոր դատախազը այն ժամանակ հավելել էր, թե իրենք դիմելու են կառավարությանը, որպեսզի ավելացվեն պատժաչափերը հարկ չմուծողների նկատմամբ՝ դրանք հասցնելով մինչեւ տասը տարվա։

Կարելի է ենթադրել, որ Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգ մտած՝ Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը մշակվել է հաշվի առնելով հենց օրինապահ գերատեսչության առաջարկները։

Իսկ առաջարկվող փոփոխությունները էական են: Դրանցից մեկով, օրինակ, նախատեսվում է, որ հարկերը կամ տուրքերը վճարելուց խուսափելը, որ կատարվել է խոշոր չափերով, պատժվում է նվազագույն աշխատավարձի մինչեւ հազարապատիկի չափով կամ ուղղիչ աշխատանքներով 1-2 տարի ժամանակով, կամ էլ մինչեւ երեք տարի ազատազրկմամբ։ Նույն արարքը կրկնվելու դեպքում օրինագիծը 3-7 տարվա ազատազրկում է նախատեսում։ Այնինչ, գործող Քրեական օրենսգրքում նման խստության նորմ չկա. առավելագույն պատժաչափը 2 տարի է։

Պատժամիջոցների աննախադեպ խստացում ենթադրող այս փոփոխությունների առաջարկը միանշանակ չի ընդունվում ոչ միայն գործարարների ու պարզ հարկատուների, այլեւ իրենց՝ պատգամավորների շրջանում։ Օրինակ, Ազգային ժողովի ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի տեսակետը տվյալ հարցում հետեւյալն է. - «Որպես կանոն, Հայաստանի Հանրապետությունում, չգիտես ինչու, երբ մենք ինչ-որ իրավասություններ ենք տալիս, որպեսզի դա ծառայի բարի նպատակների համար, որպես կանոն, մենք հետո հիասթափվում ենք»:

«Ժողպատգամավոր» խմբի անդամ Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ նախ հարկավոր է մտածել գործող օրենքը կիրառելու մասին, որոշակի արդյունքներ գրանցել, որից հետո միայն մտածել դրանց խստացման մասին:

«Խոսքը հատկապես վերաբերում է դրա առանց խտրականության կիրառմանը», - ավելացրեց Մինասյանը: - «Եթե օրենքը ամբողջությամբ կիրառվի ոչ միայն փոքր ու միջին բիզնեսի, այլ, որ շատ ավելի կարեւոր է, մեծ բիզնեսի վրա, դա շատ ավելի կնպաստի, որպեսզի ստվերը պակասեցվի ու հարկատուների ե’ւ քանակը, ե’ւ որակը բարձրացվի: Այլ ճանապարհ ուղղակի չկա»:

Իսկապես, փաստն այն է, որ, օրինակ, ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների պարտադիր հայտարարագրման մասին օրենքը արդեն երրորդ տարին է գործում, սակայն դեռեւս դրա խախտման համար ոչ ոք քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Հարկ չմուծելու համար քրեական պատիժ չի կրել նաեւ որեւէ խոշոր գործարար։

Ֆիզիկական անձանց մասով նախատեսվող պատժաչափերի խստացման ուղղությամբ առաջարկվող փոփոխությամբ քաղաքացու կողմից իր գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիր չներկայացնելը, երբ այն տալը պարտադիր է, կամ ներկայացված հայտարարագրում ակնհայտ խեղաթյուրված ու կեղծ տվյալներ ներկայացնելը նախատեսում է պատիժ տուգանքի ձեւով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկը կամ կալանք՝ 1 տարի ժամկետով, մինչդեռ գործող օրենքով այդ տուգանքը նվազագույն աշխատավարձի մինչեւ հինգհարյուրապատիկն է, իսկ կալանքի չափը՝ առավելագույնը 2 ամիս։

Մկրտիչ Մինասյանի կարծիքով, դա ուղղված է հենց փոքր բիզնեսի ներկայացուցիչների դեմ, ինչը «անընդունելի է»:

Եթե գործող Քրեական օրենսգրքով ընկերության կեղծ սնակություն հարուցելու դեպքում միայն դրամական տուգանք է նախատեսվում, ապա փոփոխությունների նախագիծը ավելի խոշոր տուգանքի հետ մեկտեղ առաջարկում է նաեւ կալանք՝ 1-3 ամիս ժամանակով։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG