Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը հաստատում է, որ ընդլայնվելու են իր լիազորությունները


Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը ուրբաթ օրը հաստատեց շրջանառվող տեղեկությունները, թե իր լիազորությունների ոլորտը շոշափելիորեն ընդլայնվելու է՝ ներառելով ջրային տնտեսությունը, արտակարգ իրավիճակների վարչությունը, փախստականներով ու միգրացիայի հարցերով զբաղվող գերատեսչությունը:

Հովիկ Աբրահամյանի խոսքերով, թեեւ նախագահի համապատասխան հրամանագիրը դեռ չկա, խնդիրը զուտ «տեխնիկական է»:

«Հարցը քննարկվում է, ոչ մի խնդիր չկա», - ասաց Աբրահամյանը: - «Որ թերթերը գրում են՝ Դաշնակցությունը դեմ է, Դաշնակցությունը կողմ է, ոչ մի խնդիր չկա»:

Նախարարի խոսքերով, լիազորությունների ավելացման առումով ոչ մի լուրջ փոփոխություն չի կատարվելու:

«Այսօր էլ այդ ոլորտները ես համակարգում եմ, այսօր էլ այդ ոլորտների բոլոր խնդիրներից ես տեղյակ եմ», - ասաց նա: - «Այնպես որ, եթե այդ նախարարությունը ստեղծվի, ոչ մի նոր բան չի լինելու: Եթե սուպերնախարար՝ այսօր էլ եմ սուպերնախարար»:

Արտասահմանում բուժվող վարչապետի բացակայության պայմաններում սուպերնախախարը բավարար է գնահատել բոլոր մարզպետների ներկայացրած հաշվետվությունները:

Նա ասաց, որ անձամբ ինքը դեմ է եղել, որ մարզպետները նշանակվեն կոլաիցիոն սկզբունքով: Հայաստանի 10 մարզպետներից 2-ականը «Օրինաց երկիր»-ից ու ՀՅԴ-ից են, մնացածը՝ ՀՀԿ-ից են կամ, անկուսկացական լինելով, հարում են ՀՀԿ-ին:

«Ունենք դեպքեր, երբ մարզպետները, լինելով որեւէ կուսակցության անդամ, փորձում են գյուղապետերին, կամ այլ ոլորտների ղեկավարներին՝ լինի դպրոցի տնօրեն կամ հիվանդանոցի տնօրեն, համոզել, որպեսզի նրանք դառնան համապատասխան կուսակցության անդամ», - ասաց Հովիկ Աբրահամյանը: - «Նման դեպքեր մենք ունենք: Կա նաեւ հանրապետության նախագահի հանձնարարականը, որ նման դեպքերին պետք է շատ խիստ գնահատական տրվի: Եվ մենք չպետք է թույլ տանք»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG