Մատչելիության հղումներ

Վրաստանը ռազմական օգնություն կստանա Լիտվայից


Ինչպես հաղորդել է «Ռեգնում» գործակալությունը, իրենց ոչ պիտանի խորհրդային զենքերը Վրաստանին փոխանցելու մտադրության մասին է հայտնել Լիտվայի պաշտպանության նախարար Գեդիմինաս Կիրկիլասը Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլու հետ չորեքշաբթի օրը Վիլնյուսում կայացած հանդիպման ժամանակ: Խոսքը 14 հազար «Կալաշնիկով» ինքնաձիգերի եւ երկու ռազմանավերի՝ «Ժեմայտիսի» եւ «Աուկշտայտիսի» մասին է:

«Սակայն դա բարդ միջազգային գործընթաց է, հարցը պետք է համաձայնեցվի ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ», - նշել է Լիտվայի պաշտպանության նախարարը: Ըստ նրա, ռուսական արտադրության ինքնաձիգներով զինված են միայն Լիտվայի խաղաղապահ ուժերի որոշ ստորաբաժանումներ, բանակի հիմնական մասը օգտագործում է շվեդական «AK-4» եւ ամերիկյան «M-16» տիպի ինքնաձիգներ:

Ինչ վերաբերում է ռազմանավերին, որոնց ծահագործման ժամկետը լրանում է արդեն 2008-2009 թվականներին, Գեդիմինաս Կիրկիլասի խոսքերով, Վրաստանը կարող է դրանք օգտագործել ուսումնական նպատակներով:

«Ինքնաձիգները եւ ռազմանավերը ստանալու համար Վրաստանը պետք է խնդրանքով դիմի Լիտվային», - «Ռեգնում»-ի թղթակցին ասել են Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:

Լիտվայի պաշտպանության նախարարությանը ներկայումս ավելի շատ հետաքրքրում է վրաստանցի զինվորականների ուսուցման եւ վերապատրաստման հարցը: Նախարարությունը պատրաստ է շարունակել ֆինանսավորել վրաստանցի զինվորականների ուսումը Բալթյան ռազմական քոլեջում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG