Մատչելիության հղումներ

Մեհմետ Ալի Բիրանդ. «Մենք արդեն ուշացել ենք գնացքից...»


«Turkish Daily News»-ը չորեքշաբթի օրը հրապարակել է թուրք հայտնի լրագրող Մեհմետ Ալի Բիրանդի «Մենք արդեն ուշացել ենք գնացքից...» հոդվածը՝ Հայերի ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի քաղաքականության մասին:

«Ժամանակն է ընդունել փաստը, որ ցեղասպանության մասին հայերի պնդումները սկսում են ընդունվել աշխարհի՝ հատկապես Արեւմուտքի կողմից», - գրում է Բիրանդը:

«Հայերը ջանասիրաբար հետապնդում էին իրենց նպատակը վերջին 75 տարիների ընթացում: Նրանք տպագրել են հազարավոր գրքեր եւ հոդվածներ: Նրանք համալսարաններում ստեղծել են բաժիններ եւ ակտիվ աշխատանք են տանում: Ի վերջո, նրանց հասել են միջազգային ճանաչման՝ չնայած, որ իրենց տեղեկությունները բավարար չեն եւ չեն արտացոլում ճշմարտությունը»:

Բիրանդը կոչ է անում «նոր էջ բացել Թուրքիայի քաղաքականության մեջ՝ ելնելով առկա իրողություններից, եւ նվազագույնի հասցնել կորուստները: Նա վկայակոչում է Թուրքիայի պատմության հիմնադրամի ղեկավար Յուսուֆ Հալաքօղլուի խոսքերը ներկա իրավիճակի մասին. «Մենք այլեւ չենք կարող հաղթահարել այս իրավիճակը միայն քարոզչության միջոցով, գրքեր եւ հոդվածներ տպագրելով եւ ֆիլմեր նկարահանելով: Աշխատանքն այդ ճակատում պետք է շարունակվի, սակայն անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր, որոնք հետաքրքրություն կառաջացնեն: Պատմագիտության բնագավառում գործողությունների հետ մեկտեղ պետք է գործողություններ իրականացնել նաեւ քաղաքականության մեջ: Անհրաժեշտ է կենտրոնանալ ռազմավարության վրա», - գտնում է Հալաքօղլուն:

Այդ հարցում գլխավոր թուրք պատմաբանը միակարծիք է նախկին դեսպան Յալիմ Էրալփի հետ՝ անհրաժեշտ է ստանձնել նախաձեռնությունը եւ ՄԱԿ-ին ստիպել կազմակերպել միջազգային փորձագիտական հանձնաժողով: Հանձնաժողովի աշխատանքը եւ դրա արձագանքները Թուրքիային «ազատ շնչելու հնարավորություն կտան»:

«Այդ ընթացքում Թուրքիան կկարողանա փաստարկներով ապացուցել, որ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, իսկ տեղի ունեցածը միայն երկկողմ արյունահեղություն էր, երբ օսմանները պատժում էին նրանց, ում մեղավոր էին համարում», - գրում է Մեհմետ Ալի Բիրանդը:

«Պետությունը պետք է արթնանա, մշակի ռազմավարություն եւ հասկանա. թողնելով ամբողջ աշխատանքը պատմաբաններին՝ մենք ոչնչի չենք հասնի: Անհրաժեշտ էներգրավել ՄԱԿ-ը եւ բացել նոր հորիզոններ՝ միջազգային ասպարեզում հաջողությանը հասնելու համար... Արթնացե’ք», - կոչ է անում թուրք լրագրողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG