Մատչելիության հղումներ

Ժիրինովսկին առաջարկում է Լեռնային Ղարաբաղը ընդգրկել ԱՊՀ կազմում


«Լուծել ղարաբաղյան հակամարտությունը նույնքան անհնար է, որքան՝ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հակամարտությունը», - չորեքշաբթի օրը Մոսկվայում կայացած ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի կարծիքով, հարցի լուծում կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի ընդգրկումը ԱՊՀ կազմում:

Ժիրինովսկին գտնում է, որ ո’չ Հայաստանը, ո’չ էլ Ադրբեջանը չեն հաշտվի Լեռնային Ղարաբաղի կորստի հետ: «Եթե Ռուսաստանը պնդի Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին՝ կնեղանա Ադրբեջանը, իսկ եթե առաջարկի Ղարաբաղը Ադրբեջանի կազմ մտելու տարբերակը՝ կնեղանան հայերը», - ասել է Վլադիմիր Ժիրինովսկին եւ ավելացրել. - « Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական տարածքն է ու մասը, եւ այն կոչվում է Արցախ»:

Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակի կարծիքով, Արեւմուտքը փորձում է ղարաբաղյան խնդրում կիրառել «դեյթոնյան մոդելը»: «Այս իրավիճակում հայերը սերբերն են, իսկ ադրբեջանցիները՝ Կոսովոյի ալբանացիները: Արեւմուտքը ցանկանում է «արդուկել» Հայաստանը եւ ստեղծել 20-միլիոնանոց Ադրբեջան», - հայտարարել է Վլադիմիր Ժիրինովսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG