Մատչելիության հղումներ

Մոհամմադ Խաթամի. «Իրանը մտադիր է ամրապնդել եւ խորացնել երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ»


Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները ամրապնդելու եւ խորացնելու մտադրության մասին է հայտարարել Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամին Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ չորեքշաբթի օրը Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ:

«Երկու երկրների նախագահները դրել են տնտեսության ոլորտում համագործակցության նոր փուլի հիմքերը, եւ ջանքեր պետք է գործադրվեն՝ արագորեն իրականացնելու փոխադարձ համաձայնագրերը», - ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ, նշել է Խաթամին:

«Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է Հայաստանին՝ հաշվի առնելով այն փաստը, որ համագործակցությունն արդյունավետ է Կովկասի զարգացման ու անվտանգության համար», - ավելացրել է նա:

Խաթամիի խոսքերով, տարածաշրջանի երկրները կարող են լուծել իրենց խնդիրները բանակցությունների միջոցով՝ առանց որեւէ մեկի միջամտության, իսկ Իրանը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որպեսզի վերացնի հարեւանների հետ խնդիրները:

Իր հերթին Սերժ Սարգսյանը հույս Է հայտնել, որ երկկողմ հարաբերությունների զարգացումը մշակույթի, կրթության, տնտեսության ոլորտներում հիմք կստեղծեն այլ ոլորտներում կապերի ընդլայնման համար:

Հայաստանի պաշտպանության նախարարը ողջունել է Հյուսիս - Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակներում երկու երկրների երկաթուղիների միավորումը, ինչպես նաեւ Հայաստան իրանական գազի ներկրումը եւ առեւտրական հարաբերությունների զարգացումը:

Սարգսյանը նաեւ տրամաբանական եւ դրական Է համարել Իրանի մոտեցումները՝ տարածաշրջանային հարցերը լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով՝ առանց ուրիշների միջամտության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG