Մատչելիության հղումներ

Ժվանիային կփոխարինի իր թիմակիցը


Վրաստանի խորհրդարանական ուժերի եւ կառավարության անդամների հետ խոհրդատվություններից հետո երեքշաբթի օրը նախագահ Միխեիլ Սահակաշվիլին որոշել է Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել ֆինանսների նախարար Զուրաբ Նոգաիդելու թեկնածությունը:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ, նախագահի մամլո խոսնակ Ալանա Գագլոեւան հայտնել է, թե 2 օրվա ընթացքում Նոգաիդելին պետք է ներկայացնի կառավարության նոր կազմը:

41-ամյա Զուրաբ Նոգաիդելին 2001-2002 թվականներին զբաղեցրել էր Վրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը, սակայն նախագահ Շեւարդնաձեի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարական էր տվել: «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի նոր իշխանությունները նրան կրկին առաջարկել էին ղեկավարել ֆինանսների նախարարությունը:

Նոգաիդելին փետրվարի 3-ին մահացած վարչապետ Զուրաբ Ժվանիայի թիմակիցն է: Նա անդամակցում է Սահակաշվիլու «Ազգային շարժում» կուսակցության հետ դաշինք կազմած՝ Ժվանիայի ղեկավարած «Միացյալ ժողովրդավարներ» կուսակցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG