Մատչելիության հղումներ

Գերմանիայի դպրոցական դասագրքերում կվերականգնվի Հայոց ցեղասպանության հիշատակումը


Բրանդենբուրգի երկրամասի վարչապետ Մաթիաս Պլացեկը, Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Ղազինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հիշատակումը կրկին տեղ կգտնի երկրամասի դպրոցական ուսումնական ծրագրերում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում փոխանցեց Կարինե Ղազինյանը, Պլացեկը ասել է, թե Հայոց ցեղասպանությունը ուսումնական ծրագրերից հանվել էր ոչ թե թուրք դիվանագետի ճնշման հետեւանքով, այլ սոսկ այն պատճառով, որ ներկայացված է եղել որպես «եզակի»:

«Նա հստակ խոստացավ, որ մնալու է Հայոց ցեղասպանության դասավանդման հարցը Բրանդենբուրգ երկրամասում», - ասաց տիկին Ղազինյանը: - «Ուղղակի ոչ միայն եզակիորեն է նշվելու, այլ խոսվելու է նաեւ մյուս ցեղասպանությունների մասին»:

Հարցին, թե արդյո՞ք եթե գերմանական մամուլում չլիներ հասարակական հզոր ճնշումը (իսկ հարցին անդրադարձել են երկրի գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները), կվերականգնվեր արդյո՞ք Ցեղասպանության հիշատակումը, Ղազինյանը պատասխանեց. - «Ես ուրախ եմ, որ այդ աղմուկը բարձրացավ: Բարձրացավ հենց գերմանացիների կողմից»:

«Ես կարծում եմ, որ այս ամենը հիմա շրջվեց այնպես, որ կարող է նույնիսկ շատ ավելի լավ բան դուրս գալ դրանից, այդ ամբողջ պատմությունից», - շարունակեց Կարինե Ղազինյանը՝ ավելացնելով, որ հանդիպման ընթացքում հստակ խոսվել է, թե Հայոց ցեղասպանությունը կարող է ընդգրկվել նաեւ մյուս երկրամասերի դպրոցական ուսումնական ծրագրերում:

Գերմանիայում Հայաստանի դեսպանը ասաց նաեւ, որ իրեն արձագանքներ են հասել, թե հնարավոր է, որ Բունդեստագում կրկին դրվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG