Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Եթե Հայաստանում իրոք լիներ հեղափոխություն անելու ընդունակ ընդդիմության, ապա այն իրականացնելու համար ավելի հարմար պահ, քան հիմա է, դժվար է նույնիսկ պատկերացնել: «Պատմական պահի» առանձնահատկությունն այն է, որ հետաքրքրական զուգադիպությամբ փետրվարի 7-ից Հայաստանը փաստացի մնացել է առանց պետության առաջին դեմքերի», - գրում է այսօր «Իրավունք»-ը: Թերթի ձեւակերպմամբ՝ միակ «մխիթարանքը» այն է մնում, որ Ռոբերտ Քոչարյանն իր կարճաժամկետ հանգիստը, այնուամենայնիվ, անցկացնելու է Հայաստանի սահմաններում ու հավանաբար Ծաղկաձորի սարերի բարձունքներից է ղեկավարելու օլիգարխիկ «ռազբորկաների» եւ «համմերային» վրաերթերի մեջ օրեցօր խրվող «կայուն» պետությունը:

«Քրեական հեղափոխությունը խժռում է իր զավակներին» վերնագրով խմբագրականում համադրում է. - «Երբ առնետները հայտնվում են փակ տարածքում, ուր ուտելիքի պաշարը սահմանափակ է, նրանք պարզապես սկսում են իրար խժռել, մինչեւ մնան մի քանիսը, որ առավել ուժեղ են, դաժան եւ արյունարբու: Ակամա այս համեմատությունն է մտքիդ գալիս, երբ վերլուծում ես այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում վերջին օրերին... Այն, ինչ այժմ կատարվում է, ոչ այլ ինչ է, քան մի գործընթաց, որը ԱՊՀ ամբողջ տարածքում տեղի էր ունեցել 1990-ականների սկզբներին, այն է՝ սեփականության վայրենի, քրեականացված վերաբաշխում»: Իշխանությունը, «Իրավունք»-ի ընդգծմամբ, այսօր չի կարողանում վերահսկել կլաններն ու նրանց միջեւ ընթացող «ռազբորկաները». - «Իշխանությունը նույնիսկ այդ քրեական կոնգլոմերատը ոչ թե գլխավորում է, այլ պարզապես դրա պատանդն է»: Եվ իշխանության դիրքերի սրընթաց թուլացման պայմաններում, ըստ թերթի, «այժմ բավականին հավանական են համարվում տարբեր պալատական հեղաշրջումների միտված գործողությունները»:

Անդրադառնալով անցած ուրբաթ Երեւանում բանդիտական խմբավորումների զինված բախմանը, «Հայոց աշխարհ» թերթը արձանագրում է լուրերը, որ այդ պատմության մեջ ներգրավված են եղել «զանազան պաշտոնյաների մտերիմներ, թիկնապահներ»: Հիշատակվում են մասնավորապես գործարար Գագիկ Ծառուկյանի, Կենտրոնի համայնքապետ Գագիկ Բեգլարյանի, գեներալ Սեյրան Սարոյանի, որոշ հին ու նոր պատգամավորների անունները: Նշվում է նաեւ, որ իրականում մասնակիցների ու վիրավորների թիվը ավելի մեծ է, ու դեռ մեծ հարց է նաեւ՝ «այս պատմությունն ընդհանրապես կբացահայտվի՞, թե՞ հայրենի իրավապահները այն ուղղակի ծածկադմփոց կանեն»:

Ռուսաստանի Սամարայի մարզում Հայաստանում «Ավտովազի» ներկայացուցիչ, «Արմենիա-Լադա» ընկերության ղեկավար Ռաֆայել Շահմուրադյանի սպանության հետ կապված «Հայկական ժամանակ» թերթը ընդգծում է. - «Ամենեւին էլ չի բացառում, որ տեղի ունեցածը հայաստանյան հետք ունի: Հատուկ ուշադրության է արժանի փաստը, որ Ռաֆայել Շահմուրադյանը հայաստանյան այն գործարարներից էր, որ գործում էր առանց «կռիշայի» եւ չէր էլ թաքցնում իր դժգոհությունը գործող իշխանություններից: Այսուհանդերձ, նա ընդհանրապես քաղաքականությանը չէր խառնվում եւ փորձում էր մնալ բացառապես բիզնեսի դաշտում: Նրա մահվանից հետո, անշուշտ, դաժան պայքար է ծավալվելու Հայաստանում՝ ռուսական, ճապոնական եւ եվրոպական մի շարք ավտոմեքենաների շուկայի համար»:

«Երեկ մեկնարկած ԱԺ գարնանային նստաշրջանը պատգամավորների համատեղ ջանքով վերածվեց այնպիսի շոուի, որպիսին չեն հիշում անգամ հնաբնակ պատգամավորները», - ամրագրվում է այսօր «Հայկական ժամանակ»-ում: - «Տպավորությունն այնպիսին էր, որ այն, ինչ երեկ կատարվում էր մեր խորհրդարանում, բացի «Օրինաց երկիր» կուսակցության շփոթահար պատգամավորներից, ձեռնտու էր բոլորին: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն լրագրողներին հուշում էին հաշվել, թե Արթուր Բաղդասարյանը փետրվարի սկզբին սկսված այցի շրջանակներում իր հետ «Օրինաց երկիր» խմբակցության քանի պատգամավոր է Քուվեյթ տարել, իսկ գարնանային նստաշրջանը խիստ մարտական սկսած ՄԱԿ-ն ու «Ժողպատգամավոր» խումբը հայտարարում էին, որ այսուհետ իրենց համար չեն գործելու «խաթրի» եւ «ախպերության» կատեգորիաներն, ու իրենք քվեարկելու են բացառապես սեփական քաղաքական սկզբունքներից ելնելով»:

«Եթե Եվրախորհրդի մոտեցումը, Աթկինսոնի բանաձեւը մեր ժողովրդի համար ճակատագրական նշանակություն չեն ունենա, ապա սուտ խոսելը ավելի ճակատագրական է», - Հայաստանի իշխանություններին է զգուշացնում «Առավոտ»-ի խմբագիրը: - «Այստեղ հարցը միայն քարոզչությունը չէ՝ ժողովրդին խաբել եւ ասել, որ ամեն ինչ լավ է: Խնդիրն ավելի լուրջ է. իշխանությունն ինքը չի ուզում ճշմարտության երեսին նայել: Արիությունն ու հեռատեսությունը չեն հերիքում»:

«Կենտրոն» հեռուստաընկերությամբ իր «Հեղափոխություն» հաղորդաշարը փակվելուց հետո գրող, լրագրող Վահրամ Մարտիրոսյանը «Առավոտ»-ի հարցազրույցում այսօր ասում է. - «Իշխանությունից տարբեր քաղաքական հայացքներ ունեցող որեւէ հեռուստալրագրող չի կարող այլեւս աշխատել իր մասնագիտությամբ: Ստեղծվել է իշխանության կողմից կարգավորվող հեռուստացանց: Բոլոր հեռուստատեսությունները խիստ վերահսկողության տակ են՝ քննադատությունը, որ հնչում է, ընդդիմադիր գործիչները, որ առկայծում են եթերում, վերեւի քվոտաների շրջանակում են»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG