Մատչելիության հղումներ

Գերմանիայում շարունակվում է աղմուկը Հայոց ցեղասպանության շուրջ


Գերմանիայի մամուլը շարունակում է անդրադառնալ Բրանդենբուրգի երկրամասի պատմության դասագրքերից Հայոց ցեղասպանության հիշատակումը հանելու խնդրին: Բրանդենբուրգը միակն էր Գերմանիայի 16 դաշնային երկրամասերից, որի պատմության դասագրքերում Օսմանյան Թուրքիայում նախորդ դարասկզբի իրադարձությունները ներկայացվում էին որպես «ցեղասպանություն»:

Օսվենցիմի ազատագրման 60-ամյակի նախօրեին Բեռլինում Թուրքիայի հյուպատոս Այդին Դուրուսայը դիմել էր Բրանդենբուրգի վարչապետ Մաթիաս Պլացեկին եւ կրթության նախարար Հոլգեր Ռուպրեխտին՝ ցեղասպանության մասին հիշատակումը դասագրքերից հանելու խնդրանքով:

Ինչպես այսօր փոխանցել է DPA գործակալությունը, որոշումը առաջացրել է Գերմանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանի զայրույթը, ում հանդիպումը Բրանդենբուրգի վարչապետ Պլացկեի հետ, ըստ ամենայնի, տեղի կունենա ընթացիկ շաբաթավերջին: Ի դեպ, Պլացեկը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ է, որի ղեկավար դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ամենաակտիվ ջատագովներից է:

Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Սաբինա Ստոյերը հրաժարվել է որեւէ մեկնաբանություն անել այս կապակցությամբ:

«Մեր կարծիքով, չափազանց կարեւոր է անցյալի ճանաչումը, սակայն դա խնդիր է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ», - նշել է նա:

«Շպիգել» ամսագրի նախկին թղթակից Վոլֆգանգ Գուստը իր «Լռության համախոհները» գրքում նշում է. «Գերմանացի սպաները կարեւոր դեր են խաղացել հայերի բնաջնջման պատերազմում»: Նրա կարծիքով, Գերմանիայի ներգրավվածությունը Հայոց ցեղասպանության հարցում արտահայտվում է ինչպե’ս դիվանագետների լռությամբ, այնպես էլ գերմանացի սպաների մասնակցությամբ հայերի մահապատիժներին եւ բռնի տեղահանմանը:

Հայոց պատմության եւ միջազգային հարաբերությունների մասին նոր հրատարակվող գրքի խմբագիր Հուբերտա ֆոն Ֆոսսը DPA-ին ասել է. - «Գերմանիան բարոյական պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար, քանի որ Բեռլինը եւ Օսմանյան Թուրքիան դաշնակիցներ էին»:

Ֆոն Ֆոսսը նշել է, թե հետազոտությունը արդեն արված է, եւ իրենք նույնիսկ կարիք չեն ունեցել օգտվել օսմանյան արխիվներից, քանի որ ապացույցները անթիվ են:

«Մի ձեւացրեք, թե Հայոց ցեղասպանությունը կարծիքների հարց է: Դա փաստ է», - հայտարարել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG