Մատչելիության հղումներ

Հոլանդիայի դատարանը քննում է քուրդ ահաբեկիչները հարցը


Հոլանդիայի դատարանը երեքշաբթի օրը լսելու է 16 քրդերի հարցը, ովքեր մեղադրում են «Թուրքիայում ու Հայաստանում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ»: Նրանք ձերբակալվել էին անցյալ տարվա նոյեմբերին Հոլանդիայում գտնվող ուսումնավարժական ճամբարում:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, բոլոր մեղադրյալները Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամ են: Բացի ահաբեկչություններ նախապատրաստելուց, նրանց նաեւ մեղադրում են փաստաթղթերի կեղծման մեջ:

Հոլանդիայի դատախազության խոսնակ Դեզիրե Լեպպենսի խոսքերով, եւս 22 հոգուց հանվել են բոլոր մեղադրանքները եւ նրանք փոխանցվել են միգրացիոն ծառայությանը:

Հոլանդիայի ոստիկանության՝ անցած նոյեմբերին իրականացրած շուրջկալը Եվրոպայում ամենախոշորն էր վերջին տարիների ընթացքում: Մինչեւ անցյալ տարի մտցված արգելքը PKK-ի անդամները կարող էին ազատ գործել Եվրամիության ողջ տարաքում:

Նշենք նաեւ, որ հունվարին Հոլանդիայի դատարանը մերժել էր Թուրքիային փոխանցել քրդական շարժման առաջնորդներից Նուրիե Քեսբիրին, որին մեղադրում էին 90-ականներին PKK-ի կողմից իրականացված մի քանի պայթյունները ծրագրելու մեջ: Դատարանը մտավախություն էր հայտնել, թե թուրքական բանտում այդ կնոջ նկատմամբ կարող են խոշտանգումներ եւ տանջանքներ կիրառվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG