Մատչելիության հղումներ

Բաքվում պաշտոնական բացատրություն են պահանջում Թեհրանից


Բաքվում լուրջ նեղացել են եւ Թեհրանից պաշտոնական բացատրություն ու ներողոթյուն են պահանջում: Պարզվում է, նախագահ Իլհամ Ալիեւի պաշտոնական այցի ընթացքում իրանական կողմը մի շատ տհաճ վրիպակ է թույլ տվել՝ Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշը գլխիվայր է դրվել:

«Ազադլըգ» ընդդիմադիր թերթը դա որակել է որպես ամբողջ երկրին հասցված վիրավորանք: Թերթը պահանջում է Թեհրանից՝ ներողություն խնդրել միջադեպի համար: «Մենք կոչ ենք անում բոլոր հայրենասեր գործընկերներին՝ դաս տալ Իրանի քաղաքական այրերին, որովհետեւ նրանք անհարգալից վերաբերմունք են դրսեւորել Ադրբեջանի պետության եւ նրա խորհրդանշի նկատմամբ», - ասվում է թերթի խմբագրականում, որն այս շաբաթվա ընթացքում արդեն երեք անգամ է տպագրվել:

Նախագահ Իլհամ Ալիեւի այցը կոչված էր բարելավել երկու երկրների բավական լարված հարաբերությունները, սակայն ավարտվել է դիվանագիտական անհարմար միջադեպով: Թերթն իր էջերում հետայսու գլխիվայր է պատկերելու Իրանի դրոշը, եւ բողոքի այդ ակցիան կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ Բաքվում Իրանի դեսպանությունը պաշտոնական ներողություն հայցի Ադրբեջանից:

Իրանն ընդունում է տեղի ունեցածը, սակայն դա «ոչ թե միտումնավոր արարք էր, այլ տհաճ սխալ»: «Ադրբեջանի նախագահի այցի օրը ադրբեջանական ավելի քան 50 դրոշ է դրվել եւ միայն մեկն էր գլխիվայր: Ես ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում, դա ընդամենը սխալ էր», - ասել է Բաքվում Իրանի դեսպան Աֆշար Սուլեյմանին՝ ակնարկելով, որ պաշտոնական ներողության մասին խոսք լինել չի կարող:

Մինչդեռ, «Ազադլըգ»-ի զայրացած խմբագիրը՝ Ղանիմաթ Զահիդը, սպառնացել է իրանական կողմի լռության դեպքում իր թերթում գլխիվայր պատկերել ոչ միայն Իրանի դրոշը, այլեւ երկրի հիմնադիր, հանգուցյալ Այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի լուսանկարը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG