Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ շահագրգիռ քննարկումները կարող են միայն նպաստել մեր հավաքական մտքի հետագա բյուրեղացմանը եւ դրա հիման վրա Հայաստանի արտաքին քաղաքականությանը ու մանավանդ խորհրդարանական դիվանագիտությանը խիստ անհրաժեշտ նոր, թարմ մտքերի, առաջարկությունների ձեւավորմանը: Սակայն», - առանձնացնում է «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը, - «Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ նկատվող վերջին արագացումները եւ մանավանդ ներկայումս ազատագրված տարածքներում ընթացող ԵԱՀԿ փաստահավաք առաքելության աշխատանքներն սկսում են դառնալ նաեւ ծայրահեղորեն հոռետեսական, անգամ խուճապային կանխատեսումների առիթ»: ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելությանը Հայաստանի իշխանություններին «ծնկի բերելու» ստահոդ մտադրություն վերագրելը եւ դրանից բխող «լրջանալու» մասին հայտնի խորհուրդների կրկնությունը հհշական մամուլի կողմից արտաքուստ միանգամայն բնական կարող է թվալ: Խորքում, սակայն, մեկնաբանի ձեւակերպմամբ՝ «Բաքուն եւ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, ձեռք ձեռքի տված, զբաղվում են ԵԱՀԿ փաստահավաք առաքելությանը «նավոդկաներ» տրամադրելով»:

Երեկ Աղդամի շրջանում ԵԱՀԿ փաստահավաք առաքելությանը ուղեկցած «Ազգ»-ի թղթակցի դիտարկումներով, եվրոպացի եւ ամերիկացի «փաստ հավաքողներին» այնքան էլ չի հետաքրքրում տեղի հայ փախստականների ողբերգությունը. - «Նրանք պարզապես փորփրեցին հին վերքերը ու ջիպերով շարունակեցին փնտրել նորակառույց տներ»:

«Հայկական ժամանակ» թերթը սենսացիոն է որակել Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությունը Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո, թե՝ «Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ այլեւս չլուծված հարցեր չկան». - «Սենսացիոն այնքանով, որ մինչեւ վերջերս Ադրբեջանը Ռուսաստանին մեղադրում էր Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում ոչ կառուցողական դիրքորոշման մեջ եւ ակնկալում էր, որ Ռուսաստանը ճնշումներ գործադրի Հայաստանի վրա, որպեսզի վերջինս ազատի գրավյալ-ազատագրված տարածքները»: «Ալիեւի հայտարարությունը նշանակում է, որ Լավրովը նրան Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու խոստում տվել է», - բխեցնում է «Հայկական ժամանակ»-ը:

«168 ժամ» թերթի մեկնաբանությամբ՝ Հայաստանն այսօր հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ «Եվրախորհրդում մեր պատվիրակության աշխատանքից գրեթե ոչինչ կախված չէ: Այն պարզ պատճառով, որ որեւէ պատվիրակություն չի կարող համոզել այդ կազմակերպությանը հրաժարվել այսօր աշխարհում համընդհանուր համարվող սկզբունքներից եւ Հայաստանի համար բացառություն անել»:

«Չի բացառվում, որ այսօր ԱԺ նախագահի մոտ հրավիրվելիք քաղաքական կոնսուլտացիայի ընթացքում Արթուր Բաղդասարյանը ստիպված լինի քաղաքական կոնսուլտացիա վարել միայն իր տեղակալ Մհեր Շահգելդյանի եւ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանի հետ», - նախանշել է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը «Ջուրծեծոցի» խորագրի տակ՝ այս առումով փոխանցելով. - «Կոնսուլտացիան բոյկոտելու՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի որոշումը խիստ անակնկալ էր «Օրինաց երկիր»-ի համար, որի խորհրդարանական խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը չէր կարողանում հասկանալ, թե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ո՞ւմ են «ինադ» անում: Եթե մենք լինեինք Սամվել Բալասանյանի տեղը, կհասկանայինք, որ «ինադ» են անում իր կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին, ում Սամվել Բալասանյանը «Օրինաց երկիր»-ի երիտասարդական թեւի համագումարում համարել է իրենց գանձը: Մինչդեռ, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն իրենց բոյկոտով Արթուր Բաղդասարյանին ուղղակի հասկացնում են, որ եթե իրենց խմբակցությունները սահմանադրական բարեփոխումների փաթեթի քվեարկության ժամանակ որոշեն կողմ քվեարկել ընդդիմության առաջարկներին, ապա այդ որոշումը ԱԺ նախագահի կաբինետում չէ, որ պետք է կայացվի»: Ընդհանուր առմամբ, ըստ մեկնաբանի, իշխանական կոալիցիայի լղոզված մերժողական արձագանքը ընդդիմությանը վերջինիս հնարավորություն կտա պատրաստվել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն իշխանափոխության հերթական ալիքի վերածելու գործընթացին:

«168» ժամ շաբաթաթերթն այսօր ընդգծված անդրադառնում է, թե հիմնազուրկ չէ կանխատեսումը, որ «այս տարվա ընթացքում ներքաղաքական տարաբնույթ խմորումների արդյունքում կարող են ամենաանհավանական թվացող ալյանսներ ստեղծվել». - «Մասնավորապես, դա են հուշում վերջին օրերին քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերը, ըստ որոնց՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի միջնորդական ջանքերի շնորհիվ արդեն մոտ ժամանակներս կարող է ի հայտ գալ, թվում էր, թե անհամատեղելի քաղաքական գործիչների մի նոր քաղաքական ալյանս՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի միջեւ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG