Մատչելիության հղումներ

Արաբական Միացյալ Էմիրություններում կալանված ԱԺ պատգամավորը արդեն Երեւանում է


Ազգային Ժողովի «Ժողպատգամավոր» խմբի անդամ Հակոբ Հակոբյանը (Էջմիածնից), որ Արաբական Միացյալ Էմիրություններում, ըստ հաղորդագրությունների, անցած ամիս կալանվել էր գողության մեղադրանքով, չորեքշաբթի օրը որդու հետ վերադարձել է Երեւան:

Պատգամավորական նույն խմբի անդամ Վոլոդյա Բադալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ Հակոբ Հակոբյանն արդեն Երեւանում է:

«Որպես մարդ վիրավորված է, որովհետեւ անհիմն մեղադրանքներ ներկայացնել մինչեւ մարդը այստեղ չլինի, ոչ ոք իրավունք չուներ», - ասաց Բադալյանը:

Հակոբ Հակոբյանի՝ Հայաստան վերադառնալու մասին «Ազատություն» ռադիոկայանը ավելի վաղ տեղեկացել էր Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի հետ ունեցած հեռախոսային հարցազրույցից: Նշելով, թե Հակոբյանին առնչվող գործի շատ մանրամասներից տեղյակ չէ, Փոլադյանն ասաց. - «Ինտերպոլ»-ի հետ թյուրիմացություն տեղի ունեցավ, որ [հետո] փառք Աստծո, պարզվեց, որ ինքը չէ. ուղղակի անունների նմանություն էր: Հետո պարզվեց, որ այդ Հակոբ Հակոբյանը լրիվ ուրիշ մարդ է... Անձնագիրը վերադարձրել են նրան, եւ նա որդու հետ արդեն վերադարձավ Երեւան»:

Հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ էր Հակոբյանը կալանվել (հայաստանյան լրատվամիջոցներում լուրեր հրապարակվեցին, թե գողության մեղադրանքով), Փոլադյանը պատասխանեց. - «Լավ կլինի, դուք իր հետ խոսեք»:

Դեսպանատան տեղեկություններով, Հակոբյանի ընկերը՝ Հրանտ Դավթյանը, Արաբական Միացյալ Էմիրություններում է, մեկուսարանում: Հրանտ Դավթյանը, ըստ մամուլի հրապարակումների, մեղադրվում է Դուբայի բարձրակարգ խանութներից մեկում երկու բաճկոնի գողության մեջ:

Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Հակոբ Հակոբյանը մամուլի ասուլիս կհրավիրի:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG