Մատչելիության հղումներ

Արկադի Ղուկասյան. «Հայաստանի բանակը Ղարաբաղի անվտանգության հիմնական երաշխիքն է»


Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը, ով այսօր Երեւանում մասնակցում էր Հայոց բանակի ստեղծման 13-րդ տարեդարձի տոնակատարություններին, բարձր գնահատական տվեց Հայաստանի զինված ուժերին՝ դրանք անվանելով «Ղարաբաղի անվտանգության հիմնական երաշխավոր»:

«Հայաստանի բանակը հիմնական երաշխիքն է Ղարաբաղի ժողովրդի եւ պետականության անվտանգության: Եվ եթե մենք ունենք մի կառույց, որը կայացել է մինչեւ վերջ, դա բանակն է», - ասաց Ղուկասյանը:

ԼՂՀ նախագահը լրագրողների հետ զրուցեց Սպենդիարյանի անվան Օպերիայի եւ բալետի թատրոնի շենքում, որտեղ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, այլ բարձրաստիճան զինվորականների հետ ներկա էր Բանակի օրվան նվիրված տոնական համերգին:

«Այնպես է ստացվել, որ մեր տարածաշրջանում մինչեւ այսօր բանակն է հարցեր որոշել: Աստված տա, որ այդպես չլինի: Թող բոլոր հարցերը լուծվեն քաղաքական պրոցեսների ընթացքում», - շարունակեց նա: - «Բայց ամեն դեպքում մեզ անհրաժեշտ է հզոր բանակ»:

Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

«Հայոց բանակը ձեւավորվեց ուղղակի պատերազմի բովում, իբրեւ ազգային ինքնագիտակցության եւ արժանապատվության փայլուն դրսեւորում», - ասված է նախագահ Քոչարյանի ուղերձում։ - «Հայաստանի զինված ուժերը մեր երկրի սահմանների հուսալի պաշտպանն է, մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կենսագործունեության ապահովողը, ինչպես նաեւ՝ մեր առաջընթացի կարեւոր պայմանը»։

Նախագահի հրամանագրով տոնի կապակցությամբ բանակի մի խումբ զինվորականներ պարգեւատրվել են շքանշաններով եւ մեդալներով:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG