Մատչելիության հղումներ

Գլենդեյլում երկաթուղային վթարից զոհվել է առնվազն 10 մարդ


Կալիֆորնիայի ամենահայաշատ բնակավահրերից մեկի՝ Գլենդեյլի անմիջական մոտակայքում այսօր առավոտյան տեղի է ունեցել վերջին տարիներին Միացյալ Նահանգներում գրանցված թերեւս ամենամեծ երկաթուղային աղետը, որի արդյունքում, ըստ նախնական տվյալների, զոհվել է 10 մարդ:

Իրար են բախվել 3 գնացք: Վթարի պատճառը եղել է «Գրանդ Չերոկի» մեքենան, որը կանգնած է եղել երկաթուղային գծերի վրա: Առաջին գնացքը բախվել է մեքենային, դուրս եկել գծից եւ բախվել դիմացից հակառակ ուղղությամբ սլացող մեկ այլ գնացքի: Այն նույնպես դուրս է եկել գծերից եւ բախվել հարեւան գծերի վրա կանգնած բեռնատար գնացքին:

Բռնկված հրդեհի արդյունքում 10 մարդ զոհվել է: Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ առնվազն մեկ վագոն ճզմված վիճակում է, եւ չի բացառվում, որ դրանում էլ դիակներ լինեն: Զոհվել է նաեւ Գլենդեյլի ոստիկանապետի տեղակալներից մեկը:

Ոստիկանապետ Ադամսի խոսքերով, վթարի պատճառը ավտոմեքենայի 26-ամյա վարորդն է, ով դեպրեսիվ վիճակում որոշել էր վերջ տալ կյանքին, սակայն վերջին պահին դուրս էր եկել մեքենայից եւ դարձել սարսափելի վթարի ականատեսը:

Լոս Անջելեսի քաղաքապետ Ջիմ Հաննի խոսքերով՝ «շատ զարմանալի եւ ուղղակի հրաշք է, որ այդ սարսափելի վթարից այդքան քիչ ուղեւորներ են զոհվել»: 89-ը մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մեքենայի վարորդը հանձնվել է ոստիկանությանը: Նրան այժմ ներկայացված է 10 մարդկանց սպանության մեղադրանք:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG