Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատում է երկրի պարենային ինքնաբավության հայեցակարգը


Կառավարությունը այսօր հաստատեց Հայաստանի պարենային ապահովության քաղաքականության հայեցակարգը, որով, նախատեսվում է մինչեւ 2015 թվականը այդ բնագավառում երկրի ինքնաբավության աստիճանը բարձրացնել՝ հասցնելով միջազգայնորեն ընդունված նվազագույն սահմանագծին։

Ըստ այդմ՝ մինչեւ 2015 թվականը Հայաստանը ի վիճակի կլինի գյուղմթերքների ներքին արտադրության հաշվին բավարարել երկրի պարենամթերքի ողջ պահանջարկի առնվազն 70 տոկոսը։

Գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության եւ գյուղի սոցիալական զարգացման ծրագրավորման վարչության պետ Հրաչյա Ծփնեցյանը, նիստից հետո հրավիրված ճեպազրույցում պարզաբանելով հաստատված հայեցակարգը, տեղեկացրեց, որ ներկայումս Հայաստանը կարողանում է իր արտադրած մթերքներով բավարարել երկրի ողջ պահանջարկի ընդամենը 55 տոկոսը։

Նրա պարզաբանմամբ, երկրի պարենային ապահովությունը ոչ միայն մթերքների փաստացի առկայությունն է, այլեւ, բնակչության գնողունակությունից կախված՝ դրա մատչելիությունը, ինչպես նաեւ սննդի կենսաբանական անվտանգությունը։

Սննդամթերքի առկայության առումով, Ծփնեցյանի խոսքերով, Հայաստանը կարողանում է ամբողջությամբ բավարարել ներքին պահանջարկը որոշ մթերքների գծով:

«Կարտոֆիլի, բանջարեղենի, մրգերի, ձվի ուղղությամբ հիմնականում մեր պահանջարկը բավարարվում է, եւ որոշակի պաշարներ են ձեւավորվում արտահանումների համար», - ասաց նա՝ հավելելով, որ կաթի եւ կաթնամթերքների գծով եւս ամբողջ պահանջարկը (բացի կարագից եւ մարգարինից), բավարարվում է ներքին արտադրության հաշվին։

Իսկ հացահատիկի եւ մսամթերքի գծով պահանջարկը ներսում արտադրվածի հաշվին հնարավոր է բավարարել միայն կիսով չափ, շաքարավազի գծով ընդհանրապես ներքին արտադրություն չկա։

Ուշագրավ է, որ երկրի պարենային ապահովության հայեցակարգը ներկայացնող՝ գյուղատնտեսության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, տեղյակ չէր, թե որքան են երկրի պարենային պահուստները:

«Ես այդ բնագավառին չեմ տիրապետում, բայց պարենային պահուստներ ցանկացած երկիր ունի», - ասաց նա:

Խոսելով սննդամթերքի մատչելիության մասին, Ծփնեցյանը փոխանցեց, որ Հայաստանի պարենային ապահովության քաղաքականության հիմքում դրված է մեկ շնչի հաշվով օրեկան 2100 կիլոկալորիա էներգետիկ արժեք ունեցող մթերքի սպառման նորման։ Պաշտոնապես ընդունվում է, սակայն, որ դա սոսկ ընդհանուր թիվ է.

«Մի շարք պարենամթերքների սպառումը ֆիզիոլոգիական նորմաներից ցածր է», - ասաց նա:- «Մենք ապահովում ենք գնողունակ պահանջարկը... Ֆիզիոլոգիական նորմաներով պարենամթերքի ապահովումը ոչ միայն գյուղատնտեսության ճյուղի, այլ նաեւ բնակչության եկամուտների ապահովման խնդիր է»:

Այսինքն՝ մարդկանց զգալի մասի եկամուտները բավարար չեն սննդի նույնիսկ ֆիզիոլոգիապես անվտանգ չափաբաժինները գնելու եւ սպառելու համար։

Ազգային վիճակագրական ծառայության ուսումնասիրությունների համաձայն, բնակչության մեկ շնչի հաշվով ամսական եկամուտները հանրապետության քաղաքային բնակչության շրջանում կազմում են 12 հազար դրամ, գյուղական բնակչության շրջանում՝ 7 հազար։ Այդ եկամուտների 53 տոկոսը գոյանում է աշխատավարձից, 10 տոկոսը գյուղմթերքների վաճառքից, 10,5 տոկոսը կազմում են այսպես կոչված պետական տրանսֆերտները՝ կենսաթոշակները, նպաստները եւ բյուջեից ցուցաբերվող միանվագ օգնությունները։ Եվս 22 տոկոս են կազմում արտասահմանից կատարվող մասնավոր դրամական փոխանցումները։

Ըստ հետազոտության, միջին վիճակագրական ընտանիքը իր ընդհանուր եկամտի 67 տոկոսը ծախսում է սննդի վրա, 1-1,5 տոկոս ծախսվում է ալկոհոլային խմիչքների, 3-6 տոկոսը ծխախոտի, 14-16 տոկոսը հասարարական ծառայությունների վրա։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG