Մատչելիության հղումներ

Քոֆի Անանը առաջարկում է երկարաձգել Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդների լիազորությունները


ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանը հինգշաբթի օրը Անվտանգության խորհրդին առաջարկել է եւս 6 ամսով երկարաձգել Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության լիազորությունները:

«ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Անանը կարծիք է հայտնել, թե 1994 թվականին հիմնված առաքելությունը կարեւոր դեր ունի վրաց-աբխազական հակամարտության վերասկսումը կանխելու գործում:

«Ես առաջվա պես համոզված եմ, որ ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը շարունակում է կարեւոր դեր խաղալ տարածաշրջանում անկայունության կանխման եւ հակամարտության քաղաքական ճանապարհով կարգավորման գործում», - ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը:

Անանը ափսոսանք է հայտնել, որ աբխազական կողմը համառորեն հրաժարվում է սկսել ՄԱԿ-ի կողմից ներկայացված «Թբիլիսիի եւ Սուխումիի միջեւ իրավասությունների բաժանման հիմնական սկզբունքները» փաստաթղթի քննարկումը: Անանը նշել է նաեւ, թե Աբխազիայում նախագահական ընտրությունների պատճառով անցյալ տարվա կեսերից սառեցվել է բանակցային գործընթացը, որը քառակողմ մակարդակով վերսկսվել է ընդամենը մեկ ամիս առաջ:

ՄԱԿ-ի դիտորդական առաքելության կազմում կան 119 զինվորական, 11 ոստիկան եւ 103 քաղաքացիական անձ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG