Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի վերլուծաբանը չի բացառում հայ եւ ադրբեջանցի զինվորականների բախումներ Իրաքում


Ադրբեջանցի վերլուծաբան Ազադ Իսազադեն «Ֆրանսպրես» գործակալության հարցազրույցում կարծիք է հայտնել, թե զգացմունքային բարձր լարվածությունը կարող է բերել հայ եւ ադրբեջանցի զինվորականների բախումների նույնիսկ Իրաքում:

Հիշեցնելով Բուդապեշտում հայ սպայի սպանության դեպքը, նա ասել է. - «Այդ իրավիճակում նրանք զենք չունեին, այժմ ունեն: Նրանք սեմինարի մեկնած էկոլոգներ չեն, այլ՝ զինվորականներ»:

Անդրադառնալով հայ զինվորականների՝ Իրաք մեկնելուն, «Ֆրանսպրես» գործակալությունը այսօր հաղորդում է, թե տանը հայ եւ ադրբեջանցի զինվորները միմյանց տեսնում են միայն ինքնաձիգերի նշանակետում, իսկ այսօր նրանք միասին մարտնչում են նույն խրամատներում եւ ունեն ընդհանուր նպատակ՝ Միացյալ Նահանգների բարյացակամ վերաբերմունքը:

Դիտորդների կարծիքով, ե’վ Հայաստանը, ե’ւ Ադրբեջանը հայտարարում են, թե զինվորականներ են ուղարկում Իրաք՝ իրավիճակը կայունացնելու եւ սրբավայրերը պաշտպանելու համար, իրականում, սակայն, նրանց նպատակը մեկն է՝ ԱՄՆ աչքերում ավելի շահեկան դիրք գրավել:

«Հայաստանը իր զորախումբը ուղարկեց Իրաք, քանի որ Ամերիկան Հայաստանին ասաց. - «Դուք կամ մեզ հետ եք, կամ էլ դուք Յանուկովիչն եք» - «Ֆրանսպրես»-ին ասել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիք Զուլֆուղարովը:

Փորձագետների կարծիքով, այն բանից հետո, երբ Վրաստանում, Ուկրաինայում եւ Աբխազիայում առանց Ռուսաստանի աջակցության տեղի ունեցավ իշխանափոխություն, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ձգտելով պահել իշխանությունն իր ձեռքում, փորձում է այժմ իր հավատարմությունը ցուցաբերել Արեւմուտքի նկատմամբ:

«Իրաքի խնդիրը Հայաստանի համար դարձավ յուրահատուկ ջրբաժան. կա’մ մենք շարունակում ենք ռուսամետ քաղաքականությունը, կա’մ դուրս ենք գալիս Ռուսաստանի ազդեցության գոտուց», - նշել է քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ըստ Ենոքյանի՝ «Մենք թշնամիներ ենք, ինչը, սակայն, չի բացառում երրորդ երկրում մեկ ընդհանուր ճակատով կռվելը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG