Մատչելիության հղումներ

«Արդարություն»-ն ու «Ազգային միաբանություն»-ը միասնական գործողություններ են նախաձեռնում


«Արդարություն» դաշինքի երեկվա նիստին ընդունված նախաձեռնությունը, որին երեկ ուշ երեկոյան միացավ նաեւ «Ազգային միաբանություն» խմբակցությունը, ձեւակերպել է այն հիմնական սկզբունքները, որոնց՝ խորհրդարանական մեծամասնության կողմից կոնսենսուսով ընդունվելու դեպքում, ընդդիմադիրները պատրաստ կլինեն մասնակցել սահմանադրական բարեփոխումների քննարկմանը Ազգային ժողովում:

Մշակված սկզբունքները խիստ մոտ են Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններին: Այն է՝ կառավարությունը ձեւավորում է երկրի հանրապետության նախագահը, հաստատում խորհրդարանը. իսկ չհաստատվելու դեպքում՝ խորհրդարանն է ձեւավորում եւ հաստատում կառավարության կազմը, երկրի նախագահը չպետք է դերակատարություն ունենա Արդարադատության խորհրդի ձեւավորման գործում եւ Երեւանի քաղաքապետը պետք է ընտրովի լինի:

«Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նախաձեռնությանը միացել է առանց որեւէ վերապահման:

«Բնականաբար, ոչ մի ուժ չկար, որ ինձ պարտադրեր, որպեսզի ես խմբակցության անունից ստորագրեի այն սկզբունքների ներքո, որոնք մեզ հոգեհարազատ չեն», - ասաց եղամյանը: - «Այս հարցը այն փորձաքարն է, որով ակնհայտ կդառնա, թե որքանով էին կոալիցիոն կուսակցությունները անկեղծ, երբ դեռ սրանից ամիսներ առաջ ասում էին, թե պետության համար այնպիսի հույժ կարեւորություն ներկայացնող օրենքների նախագծեր, ինչպիսիք են սահմանադրական փոփոխություններ հարցը, Ընտրական օրենսգրքի մշակման հարցը, իրենք պատրաստ են անգամ իսկ ընդունել կոնսենսուսային քննարկումների արդյունքում»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG