Մատչելիության հղումներ

Երիտասարդական կազմակերպությունները դատապարտում են ԱՄՆ պաշտոնյայի հայտարարությունը


«Ամո'թ Էլիզաբեթ Ջոնսին», «Ձեռքերը հեռո'ւ Ղարաբաղից», «ԼՂՀ հակամարտությանը՝ խաղաղ կարգավորում», «Ղարաբաղ, ժողովրդավարություն, խաղաղություն եւ ազատություն». այսպիսի պաստառներով ուսանողական եւ երիտասարդական մի քանի կազմակերպությունների նախաձեռնած երթը այսօր Ազատության հրապարակից շարժվեց դեպի ամերիկյան դեսպանատուն:

«Վստահ ենք, որ ոչ ոք, ոչ մի պետության պաշտոնյա իրավունք չունի ստվեր գցել մեր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի նվաճումների վրա: Ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ցույցի կազմակերպիչներից Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի նախագահ Արմեն Աշոտյանը:

Դեսպանատան շենքի մոտ մի քանի ելույթներից հետո ծափահարությունների ներքո դեսպանատան աշխատակցին հանձնվեց ուսանողական ու երիտասարդական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը, որով դատապարտվում է Էլիզաբեթ Ջոնսի հայտարարությունը:

Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Արմեն Աշոտյանը, մեկնաբանելով պաշտոնական Վաշինգտոնի պարզաբանումները Ջոնսի հայտարարության առնչությամբ, որում շեշտվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանելու՝ Միացյալ Նահանգների դիրքորոշումը, ասաց. - «Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում»:

Մեկնաբանելով նույն հայտարարությունը՝ Ազգային ժողովում Դաշնակցության խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Երկրների դիրքորոշումները այստեղ, իհարկե, կարեւոր են, սակայն առավել կարեւոր է Մինսկի խմբի եզրակացությունը»:

«Արդարություն» խմբակցության տեսակետը փոխանցեց Ստեփան Զաքարյանը. - «Այստեղ, ինձ թվում է, հարց պետք է տրվեր պարոն Օսկանյան, որը անընդհատ շեշտում էր, որ այդ մասին [Ադրբեջանի տարածքային ամբողջականության] Արեւմուտքը, ներառյալ Միացյալ Նահանգները չեն խոսում»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG