Մատչելիության հղումներ

«Արեւմուտքի ջանքերը Հայաստանում կարող են պսակվել հաջողությամբ»


«2005 թվականին Արեւմուտքը ԱՄՆ-ի գլխավորությամբ շարունակելու է նախկին խորհրդային հանրապետություններում ռուսամետ ռեժիմները արեւմտամետ իշխանություններով փոխարինելու իր ռազմավարությունը», - կարծիք է հայտնում «Սթրաթֆոր» ամերիկյան հեղինակավոր հետազոտական կենտրոնը:

Այսօր հրապարակված ծավալուն կանխատեսման մեջ «Սթրաթֆոր»-ի մասնագետները գրում են, թե նման փորձեր կարվեն Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում եւ որոշ միջինասիական հանրապետություններում, թեեւ «ոչ ամեն դեպքում այդ փորձերը հաջողությամբ կպսակվեն»:

«Առավել հավանական է, որ Արեւմուտքի ջանքերը հաջողությամբ պսակվեն Հայաստանում եւ Մոլդովայում», - գտնում են «Սթրաթֆոր»-ի վերլուծաբանները:

Հետազոտական այդ կենտրոնի մասնագետները փաստում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչեւ այժմ որեւէ կերպ չի արձագանքել Արեւմուտքի աճող ազդեցությանը նախկին խորհրդային հանրապետություններում:

«Բայց հիմա, երբ Ռուսաստանի անվտանգության համար չափազանց կարեւոր մի երկիր՝ Ուկրաինան էլ ընկել է Ամերիկայի ազդեցության տակ, Պուտինը պետք է գործի», - գրում են նրանք: - «Եթե մոտ ժամանակներս Ռուսաստանը հակահարված չտա Արեւմուտքի աճող ազդեցությանը, այդ երկիրը ոչ միայն կկորցնի իր դեռ մնացած ազդեցությունը նախկին խորհրդային հանրապետություններում, այլեւ ինքն էլ կսկսի վերափոխվել՝ ի շահ Արեւմուտքի ձգտումների»:

«Պուտինը պետք է գործի. եթե նա 2005 թվականին չպատասխանի Արեւմուտքի երկրաքաղաքական հարձակմանը եւ թույլ տա Ուկրաինային լիովին ընկնել Արեւմուտքի ազդեցության տակ, Ռուսաստանը կդադարի լինել կենսական երկրաքաղաքական ուժ», - կանխատեսում է «Սթրաթֆոր»-ը:

Ինչ վերաբերում է չեչենական խնդրին, «Սթրաթֆոր»-ը հետեւյալ կանխատեսումն է անում. - «Այժմ չեչեն ահաբեկիչները խոշոր հարձակումներ են նախապատրաստում, եւ դրանք կարող են սկսվել արդեն հունվարին»: Նույնիսկ կոնկրետ սցենար է նկարագրվում. նախ կլինեն հարձակումներ՝ մարդկային մեծաթիվ զոհերով, իսկ երբ հանրության եւ անվտանգության մարմինների ուշադրությունը սեւեռվի այդ դեպքերին, ահաբեկիչները կգրավեն Ռուսաստանի հարավում գտնվող մի ատոմակայան կամ հրթիռային բազա ու կսպառնան հրեշավոր աղետ կազմակերպել՝ եթե ռուսները դուրս չգան Չեչնիայից:



Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG