Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հարկային եւ մաքսային ծառայությունների ղեկավարների հետ վերջին հանդիպումների ժամանակ նախագահ Քոչարյանի արած հայտարարությունները լավատեսություն են ներշնչում», - գրում է «Հայոց աշխարհ» թերթի խմբագիրը։ - «Գաղտնիք չէ, որ պետական ապարատի գործողությունները մեզանում մի շարք դեպքերում աչքի են ընկնում անվերահսկելիությամբ ու անպատասխանատվությամբ։ Նրանք լուծում են սեփական խնդիրները, բնավ ոչ մերը եւ ոչ էլ երկրինը։ Նրանք ակտիվորեն զբաղվում են բիզնեսով, տանիքավորում ու վերահսկում ձեռներեցներին։ Նրանց պարզապես ժամանակ չի մնում երկիրը կառավարելու համար»: Հիմա, խմբագրի հայացքով, «նախագահի վճռականությունը կարող է կտրուկ փոխել երկրում տիրող իրավիճակը դեպի լավը»: «Մարդկանց արդեն չեն գոհացնում պաշտոնական վիճակագրության հաղթական զեկույցները աշխատավորների եկամուտների մշտական աճի մասին... Եկամուտների աճը չափազանց անհարթ է լղոզած հայրենի բուտերբրոդի վրա... Եվ մարդկանց խավը, ովքեր ունեն կորցնելու բան, այս կամ այն միջոցներով, դանդաղորեն, բայց այնուամենայնիվ ընդլայնվում է։ Եւ այդ խավը կարող է իրական բարեփոխումների անցկացման գլխավոր հենարանը դառնալ», - ենթադրում է «Հայոց աշխարհ»-ի խմբագիրը:

«Առավոտ» թերթի հարցազրույցում «Արմատ» կենտրոնի անդամ, տնտեսագետ Էդվարդ Աղաջանովը հիշեցնում է հանրահայտ փաստը, որը վիճահարույց է դարձնում վերջին օրերին հնչող հավաստիացումների անկեղծությունը, թե 2005-ին իշխանությունը խստացնելու է հարկային վարչարարությունը. - «Հայաստանում բիզնեսի հաջողությունը պայմանավորված է ոչ թե գործարարների ունակություններով, այլ նրանով, թե ինչքանով է նա մոտ իշխանությանը: Ըստ այդմ էլ՝ նա ունենում է այնպիսի լծակներ, որոնց միջոցով խուսափում է հարկումից»: Ընդդիմության ներկայացուցիչ տնտեսագետը մեծ հաշվով ողջունում է Ռոբերտ Քոչարյանի նպատակադրումը՝ նշելով. - «Երեւի արդեն իշխանությունն ինքն էլ է զգում այս ամենի վտանգը. եթե անգամ ամենապարզագույն ձեւերով հաշվենք ստվերային տնտեսության ծավալը՝ այն 50 տոկոսից պակաս չի կազմի: Սա առաջին հերթին վտանգում է պետականությունը, այսինքն՝ ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական վտանգ է պետության համար»: Այսուհանդերձ, մնում է նաեւ կասկածը, թե նախագահի այս հայտարարությունները գուցե «լինեն «հերթական իմիտացիա, ինչը մենք անում ենք, ասենք, կոռուպցիայի դեմ պայքարի մասով»:

«Նման միջոցառումները (երբ նախագահը դեմքի խիստ արտահայտությամբ մատ է թափ տալիս չինովնիկների վրա), որպես կանոն, դուր են գալիս ժողովրդին», - վերլուծում է այսօր «168 ժամ» թերթի մեկնաբանը: - «Բայց փորձենք մի կողմ դնել հարցի պոպուլիստական կողմն ու հասկանալ, թե իրականում ի՞նչ էր ասում նախագահը: Ուշադրություն դարձրեք ձեւակերպմանը. «եթե դուք սկսեք հենց ձեզանից, ձեր ծանոթ-բարեկամներին, ընկերներին հարկելուց...»: Այսինքն՝ նրանք իրենց ծանոթ-բարեկամներին չեն հարկում, եւ նախագահ Քոչարյանը շատ լավ գիտի դա»: «Ավելի ճիշտ կլիներ, եթե դրա փոխարեն նա իրավապահ մարմիններին հորդորեր՝ բացահայտել հարկերը թաքցնողներին եւ դրան նպաստող չինովնիկներին», - ընդգծում է մեկնաբանը: - «Նախագահի ձեւակերպումներից ստացվում է՝ կարելի է հարկերը թաքցնել կամ գերշահույթներ ստանալ, բայց, այսպես ասած՝ ողջամիտ բանականության սահմաններում: Իսկ թե ով է որոշում այդ սահմանները՝ հասկանալի է»:

«Հակասեմականության մասին ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցը սպառնում է վերածվել գերտերություն Ամերիկայի եւ ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետովիչի միջեւ լրջագույն սկանդալի եւ վտանգել ԱՄՆ-ի՝ Հայաստանի հաջորդ նախագահի վերաբերյալ եղած պատկերացումները», - խտացվում է «Հայկական ժամանակ» թերթում: ԱԼՄ հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Կարապետյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է, թե ինքը վաղուց էր սպասում, որ հայաստանյան որոշ քաղաքական ուժերի՝ իր դեմ սանձազերծած սադրանքներն ու հրահրումներն ունենալու են նման հանգուցալուծում, ու նրանք իր դեմ են հանելու Ամերիկայի Միացյալ Նահանգներին: «Ես երբեք արեւմուտքի ո՛չ հացի եւ ո՛չ էլ ջրի հույսին չեմ եղել: Ես անգամ նրանց խմիչքը չեմ խմում եւ նախընտրում եմ մեր հայկական յաթրջին: Այնպես որ, ոչ մեկին չի հաջողվի ինձ հանել որեւէ երկրի դեմ եւ առավել եւս՝ փորձել վնասել իմ հեղինակությունը», - հայտարարում է նա: - ««ԱԼՄ-ի եթերում արդեն 18 հազար երգ եմ ես լսել, ու ինչքան իմ դեմ հզորանան չուզողների հալածանքները, այնքան ավելի շատ եմ երգելու եւ պարելու»: «Չուզողներից» Տիգրան Կարապետյանը հիշատակում է հատկապես պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանին, եւ վերջինս էլ արձագանքում է. - «Դիմում եմ նախագահին ու կոալիցիային, քանզի այսօր ԱԼՄ հեռուստաընկերության գոյությամբ վտանգված են մեր երկրի ազգային անվտանգությունն ու Արցախի հիմնահարցը: Երբեք չի եղել Հայաստանի պատմության մեջ դեպք, երբ մեր երկրին մեղադրեն ազգամիջյան թշնամանք հրահրելու մեջ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG