Մատչելիության հղումներ

Ռեջեփ Էրդողան. «Ռուսաստանը Թուրքիայի հիմնական գործընկերներից մեկն է»


Այսօր եռօրյա աշխատանքային այցով Մոսկվա է ժամանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Թուրքիայի կառավարության անդամներ, պատգամավորներ եւ գործարարներ:

«Այցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվելու է Ռուսաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը», - «ԻՏԱՌ-Տասս» գործակալության հետ բացառիկ հարցազրույցում ասել է Էրդողանը:

Նրա խոսքերով, երկկողմ հարաբերությունների խորացումը հնարավոր է համատեղ ծրագրերի իրականացման շնորհիվ, հատկապես՝ տրանսպորտի, էներգետիկայի եւ զբոսաշրջության ոլորտներում:

«Տնտեսական համագործակցությունը չպետք է սահմանափակվի մեր երկրների տարածքով», - ասել է Էրդողանը՝ ավելացնելով. - «Մեր ընկերությունները ներդրւոմներ են կատարում ամբողջ Եվրասիայի տարածքում»:

Ըստ նրա, Ռուսաստանում գործող թուրքական ընկերությունները հնարավորություն կունենան իրենց ապրանքներով մուտք գործել միջինասիական երկրների շուկաներ: Իսկ Ռուսաստանի էներգետիկ ընկերությունները, որոնք ներդրում են իրենց կապիտալները Թուրքիայի էներգետիկ նախագծերում, իրենց հերթին, կթափանցեն եվրոպական շուկա:

«Երկկողմ տնտեսական հարաբերությունների նման զարգացումը կխթանի Ասիայի, Կովկասի եւ Եվրոպայի շատ երկրների բարեկեցությունը», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Նրա խոսքերով, Ռուսաստանը Թուրքիայի հիմնական գործընկերներից մեկն է: «Մոսկվայի եւ Անկարայի լավ հարաբերությունները «դրական ազդեցություն կունենան տարածաշրջանում եւ ամբողջ Եվրոպայում խաղաղության, կայունության ու բարեկեցության վրա», - նշել է Ռեջեփ Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG