Մատչելիության հղումներ

Հայ խաղաղապահները Իրաք կմեկնեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում


Իրաք մեկնել պատրաստվող հայկական զորախմբի հրամանատարի փոխանցմամբ, 30 վարորդից, 10 սակրավորից եւ 3 բժշկից բաղկացած խումբը մինչեւ «հունվարի 20-22-ը արդեն կլինի Իրաքում»:

«Մեկնելու վերաբերյալ ստույգ ժամանակացույց չկա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Իրաք մեկնող հայ զինվորականների հրամանատար, կապիտան Գարուշ Ավետիսյանը: - «Բայց՝ մոտավորապես մինչեւ հունվարի 20-22-ը»:

Հայկական զորախումբը նաեւ մեկ կապի սպայով ներկայացված կլինի լեհական դիվիզիայի շտաբում: Երրորդ հայ սպան կղեկավարի վարորդների դասակը:

Հայ խաղաղապահների խմբի այս կազմը Իրաքում կմնա վեց ամիս, որից հետո կփոխարինվի նոր կազմով:

«Ցանկացողներ շատ կային, բայց ընտրությունը կատարվել է կարգապահական, մարտական պատրաստության արդյունքների հիման վրա», - ներկայիս կազմի ընտրության մասին պատմեց կապիտան Ավետիսյանը՝ ավելացնելով, որ բոլոր զինծառայողներն անխտիր սեփական ցանկությամբ են ընդգրկվել խմբում:

Նրա խոսքերով, Իրաք մեկնողների հանդերձանքն ու սպառազինությունը ապահովելու է Հայաստանը, իսկ մնացածը՝ այդ թվում նաեւ ավտոմեքենաները, տրամադրվելու է տեղում:

Ավետիսյանի փոխանցմամբ, ավտոմոբիլային դասակը կատարելու է «հումանիտար բեռների տեղափոխում», սակրավորները կատարելու են «կուտակված զինամթերքի ոչնչացում», իսկ բժիշկները օգնություն են ցույց տալու ինչպես զինվորականներին, այնպես էլ քաղաքացիական անձանց:

«Կոնկրետ մարտական գործողությունների մեր զորախումբը չի մասնակցելու», - հատուկ ընդգծեց Ավետիսյանը:

Իրաք հայ զինվորականներ ուղարկելու հարցը Հայաստանում ունի բավական զորեղ ընդդիմադիրներ՝ ի դեմս քաղաքական ընդդիմության, մտավորականության: Հիմնական մտավախությունը այն է, թե դա կարող է վտանգի տակ դնել Իրաքի եւ արաբական այլ երկրների հայկական համայնքներին: Այդուհանդերձ, անցած տարեվերջին Ազգային ժողովը տվեց իր համաձայնությունը Հայաստանի զինվորականների մասնակցությանը հետպատերազմյան Իրաքի վերականգնման աշխատանքներին:


Կապիտան Ավետիսյանի խոսքերով, իրեն չեն հետաքրքրում քաղաքական մեկնաբանությունները:

«Որպես զինվորական ինձ ուրիշ բան հարկավոր չէ: Եթե ինչ-որ բան բխում է իմ երկրի, իմ պետության շահերից, ես պատրաստ եմ», - ասաց նա:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG