Մատչելիության հղումներ

«Ֆրիդոմ հաուս»-ը ազատությունների առումով նահանջ է արձանագրում Հայաստանում


«Ֆրիդոմ հաուս» ամերիկյան ոչ կառավարական կազմակերպության ամենամյա զեկույցում Հայաստանը պահպանել է իր տեղը «մասնակի ազատ» երկրների շարքում, թեեւ, որոշակի նահանջ, այդուհանդերձ, արձանագրվել է:

«Մինչ անցած տարվա ընթացքում ազատությունների առումով կարեւոր առաջընթաց է եղել Ուկրաինայում եւ Վրաստանում, ազատությունների այլասերումը Ռուսաստանում ուղեկցվել Բելառուսում, Ուզբեկստանում եւ Թուրքմենստանում շարունակվող ճնշումներով, ինչպես նաեւ ավտորիտար համախմբմամբ Հայաստանում», - ասված է զեկույցում:

«Հավելումն Ռուսաստանի անցմանը «ոչ ազատ» երկրների շարքը, երեք նախկին խորհրդային հանրապետություններ լուրջ անկում են ունեցել ազատություններին առումով», - շարունակում են զեկույցի հեղինակները: - «Հայաստանում տարվա ընթացքում իշխանությունները բռնություններով արձագանքեցին քաղաքացիական բողոքներին՝ ավելի ու ավելի աճող անպատասխանատու եւ ոչ ժողովրդավարական կառավարման պայմաններում»:

«Ռուսաստանը այն աստիճան է խստացրել օրենքները, որ 1991 թվականից ի վեր առաջին անգամ կարող է դասվել «ոչ ազատ» երկրների շարքում», - արձանագրում է զեկույցը: Կազմակերպությունը նման նահանջը գնահատում է որպես 2004 թվականի քաղաքական ամենակարեւոր միտում:

Զեկույցում նշվում է, թե Կրեմլը ուժեղացրել է հսկողությունը ազգային հեռուստատեսության եւ մյուս լրատվամիջոցների նկատմամբ, սահմանափակել է տեղական իշխանությունների իրավունքները, իսկ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները եղել են «ոչ ազատ» եւ «ոչ արդար»:

«Այս քայլերը վկայում են, որ Ռուսաստանի գնում է դեպի ավտորիտարիզմ», - հայտարարել է «Ֆրիդոմ Հաուս»-ի գործադիր տնօրեն Ջենիֆեր Վինձորը:

«Ֆրիդոմ հաուս»-ի գնահատմամբ, աշխարհի 192 երկրներից 46-ը «ազատ են», 26-ը՝ «ոչ ազատ», մնացածը՝ «մասնակի ազատ»: Որպես բռնապետական վարչակարգեր զեկույցում նշվում են Միանմարը, Կուբան, Լիբիան, Հյուսիսային Կորեան, Սաուդյան Արաբիան, Սուդանը, Սիրիան եւ Թուրքմենստանը: Ժողովրդավարական «զգալի աճ» է արձանագրվել միայն Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում:

Նախկին խորհրդային հանրապետություններից որոշակի աճ է գրանցվել միայն Ուկրաինայում եւ Վրաստանում: Բելառուսը եւ Հայաստանը, ըստ զեկույցի, որոշակի նահանջ են ապրել՝ կապված «այլակարծությանը եւ բողոքներին իշխանությունների կոշտ արձագանքի հետ»:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG