Մատչելիության հղումներ

Մերզլյակովը բանակցային գործընթացի առումով դրական է գնահատում 2004 թվականը


ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը խմբի միջնորդությամբ ընթացող Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների առումով դրական է գնահատում ավարտվող 2004 թվականը:

«Կարեւորն այն է, որ անցնող տարում մեկուկես տարի դադարից հետո հաջողվել է վերականգնել բանակցային գործընթացը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Մերզլյակովը՝ առանձնացնելով հատկապես Պրահայում կայացած արտգործնախարարների հանդիպումները: «Դրանք մեծ նշանակություն ունեին, որովհետեւ հանգեցրել են նրան, որ կողմերը կանգնած էին ընտրության առջեւ», - ավելացրեց նա՝ նկատի ունենալով Աստանայում Քոչարյանի եւ Ալիեւի բանակցությունները:

Աստանային հետո, սակայն, նախագահները պետք է տնային վերլուծություն անցկացնեին եւ որոշեին, թե ընդունելի՞ են արդյոք այն առաջարկները, որոնք պատրաստել էին արտաքին գործերի նախարարները՝ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների մասնակցությամբ: Ադրբեջանը, սակայն, դրանից հետո ներկայացավ ՄԱԿ-ում հարցը քննարկելու նախաձեռնությամբ:

Այս ամենը, Մերզլյակովի խոսքերով, ստեղծել էր բարդ իրավիճակ, որը, բարեբախտաբար, հաջողվել է շտկել:

«Թեեւ այս ամենը կողմերին մի քանի ամսով հետ է գցել, բայց մեզ հաջողվել է տարին ավարտել առանց այդ տարաձայնությունների եւ նոր՝ 2005 թվականը մենք սկսում ենք նոր հանդիպումով, որը նույնպես կկայանա Պրահայում», - ասաց Մերզլյակովը:

Հարցին, թե, երբ, վերջապես, կարելի է որոշակի արդյունքներ ակնկալել, ռուսաստանցի դիվանագետը պատասխանեց. - «Ինձ թվում է, որ գալիք տարին կարող է որոշակի դրական արդյունքների հանգեցնել՝ վերջնական համաձայնագրի ճանապարհին»:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG